«Շատ ափոսոսում եմ, մեր լավագույն գործընկերն է եղել». Սոս Գիմիշյանը՝ Գառնիկ Մարգարյանի ձերբակալության մասին
«Ես, ճիշտն ասած, շատ զարմացած եմ տեղի ունեցածով, նույնիսկ պատկերացում չունեմ՝ ինչպես կարող էր Գառնիկ Մարգարյանն ինչ-որ ձևով կապ ունենալ այդ ամեն ինչի հետ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է նաև՝ «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության անդամ, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ:
– Նախկինում կասկածելի ոչինչ չե՞ք նկատել՝ Գառնիկ Մարգարյանի հետ կապված:
– Չէ, ինչպե՞ս կարող էր ինքը նման բան անել, նա հիմնականում զբաղվում էր Արևմտյան Հայաստանի կառավարության կառույցների գործերով, ընդհանրապես կապ չուներ, ես չեմ պատկերացնում նման բան: Հիմա չեմ ուզում մեկնաբանել, այսօր երեկոյան մենք քաղխորհրդի նիստ ունենք, ամբողջական տեղեկատվություն կունենանք, նոր կխոսեմ: Ընդամենը կարող եմ ասել՝ մեր ընկերն է եղել, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության 7 կուսակցություններից մեկի նախագահը, համագործակցում էինք, ինձ համար շատ մոտիկ մարդ է, շատ ափսոսում եմ, մեր լավագույն գործընկերն է եղել:
– Որքան հայտնի է, հիմնականում ազատամարտիկներ են ձերբակալվածները և որոշ քաղաքական գործիչներ. Դուք կապ տեսնո՞ւմ եք այն բոլոր անձերի միջև, որոնց մինչ օրս ձերբակալել են այդ հարցով:
– Չգիտեմ, հիմա չեմ ուզում խոսել այդ մասին, վաղը կխոսեմ, մեկնաբանությունները թողնենք վաղվան:
– Ձեզ հարցաքննության կանչե՞լ են մինչ օրս:
– Դեռևս՝ ոչ: Մեր կառույցը՝ «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը, ընդհանրապես նման բաներից շատ հեռու է, մեր մոտեցումներն ընդհանրապես դեմ են նման բաներին, ինչպե՞ս կարող ենք մենք կապ ունենալ նման բաների հետ:
– Կառույցում ոչ մեկին, բացի Գ. Մարգարյանից, մինչև օրս՝ թեկուզ հարցաքննության չե՞ն կանչել:
– Ոչ, մեր կառույցից՝ ոչ: Պարզապես մենք ունեինք ազատամարտիկներ, որոնք մեզ հետ համագործակցում էին, նրանցից չգիտեմ՝ ում են կանչել, ում չեն կանչել: Հիմա բոլորին էլ կասկածում են, իշխանությունը հայ ժողովրդի 99 տոկոսին կասկածում է:
– Հավանական համարո՞ւմ եք, որ հաջորդ հարցաքննվողը կամ ձերբակալվողը Դուք կարող եք լինել:
– Չեմ պատկերացնում՝ ինչի համար, բայց մեր երկրում ամեն ինչ էլ հնարավոր է, որովհետև ես, օրինակ, նման բան ընդհանրապես չէի կարող պատկերացնել՝ Գառնիկ Մարգարյանի հետ կապված: