Բաժիններ՝

Վլադիմիր Սաչկովի իրավունքները խախտվում են. ամբաստանյալի կինը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին

2009-13թթ. «ԱրմենՏել»-ում որպես տեխնիկական տնօրեն պաշտոնավարած, իսկ ներկայումս ամբաստանյալ Վլադիմիր Սաչկովի կինը՝ Եկատերինա Ազյոման բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով երկրի ղեկավարին իր վերահսկողության ներքո վերցնել քրեական գործով օրինականության պահպանման խնդիրը:

«Իմ ընտանիքը հոգնել է դրան սպասելուց»,- նշում է ամբաստանյալի կինը:

Ըստ Ե.Ազյոմայի, ինքը շատ կցանկանար, որպեսզի արդարադատությունը Հայաստանում իսկապես համապատասխաներ եվրոպական ու միջազգային նորմերին, որպեսզի պահպանվեին մարդու իրավունքները, հատկապես դատական քննության ողջամիտ ժամկետի ու անմեղության կանխավարկածի մասով:

Նամակի հեղինակը նշում է, որ երկրի Նախագահին գրել իրեն ստիպել է իրավիճակը, որում իր ընտանիքը գտնվում է արդեն 1 տարի ու 8 ամիս:

Ամուսինը՝ Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Սաչկովը 2009-2013թթ. աշխատել է Երևանում, «Բիլայն» ՓԲԸ հայաստանյան դուստր ձեռնարկությունում՝ «Արմենտել»-ում՝ որպես տեխնիկական տնօրեն:

Վլադիմիրի ղեկավարությամբ է աշխատանք տարվել Երևանում հին ԱՏՍ-ների փոխարեն ժամանակակից թվային կապ ստեղծելու ուղղությամբ, ինչի շնորհիվ Երևանը՝ առաջինը ԱՊՀ-ում դարձել է ամբողջությամբ թվային կապով ապահովված մայրաքաղաք, ներդրվել են լայնագիծ ծառայություններ ու Ինտերնետ:

Սաչկովի աշխատանքի ընթացքում, ըստ նրա կնոջ, Ինտերնետից օգտվողների թիվն 1,5 հազարից աճել է մինչև 200 հազար՝ ֆիքսված ցանցում և մինչև 400 հազարի բջջային ցանցում:

2014թ. մայիսի 4-ին Սաչկովը ձերբակալվել է Մինսկի օդանավակայանում, իսկ նոյեմբերի 28-ին էքստրադիցիայի ենթարկվել Մինսկից Երևան:

Վ.Սաչկովին մեղադրում են անօրինական ձեռնարկատիրական գործունեության, իր լիազորությունները չարաշահելու և հինգ հոգուց կազմված հանցավոր խմբի կազմում համակարգչային տեղեկատվության փոփոխության մեջ: Ըստ Սաչկովի կնոջ՝ քննության վարկածի համաձայն, խումբը զբաղվում էր «ԱրմենՏել»- ում միջազգային թրաֆիկի գողությամբ:

2015թ. նոյեմբերին գործն ուղարկվել է դատարան, սակայն մինչև այժմ և ոչ մի դատական նիստ չի կայացել: Ներկայումս հերթական անգամ դատական նիստը հետաձգվել է մինչև 2016թ. հունվարի 29-ը այն պատճառաբանությամբ, որ չկա թարգմանիչ, ով կկատարեր իր ամուսնու համար թարգմանություն ռուսերեն:

Ամբաստանյալի կինը հավելում է՝ այսինքն՝ ստացվում է, որ դատարանից պահանջվում է երկո՛ւ ամիս ռուսախոս թարգմանիչ գտնելու համար և դա այն երկրում, որտեղ բնակիչների մեծ մասը ազատորեն խոսում է ռուսերեն: Դրա հետևանքով, ըստ կնոջ, նրա ամուսինը չի կարողանում ապացուցել իր անմեղությունը, և, մասնավորապես, դատական նիստում միջնորդություն ներկայացնել խափանման միջոցը փոխելու մասին:

Ե.Ազյոման հայտնում է, որ իր ամուսինը 2014թ. մայիսի . 4-ից գտնվում է բանտում, այսինքն՝ արդեն 20 ամսից ավելի, թեև ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքով մինչև դատավարությունը կալանավորման առավելագույն ժամկետը 12 ամիս է:

«Ես նույնիսկ վախենում եմ մտածել, թե որքան կարող է տևել դատավարությունն ինքնին՝ դատավարության սկսվելու նման ձգձգումների պարագայում: Ներկայումս իմ ամուսինը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պահվելու պայմանները սարսափելի են, ոչ մի նորմերի չեն համապատասխանում:

Այնտեղ լրիվ հակասանիտարական վիճակ է, ուտիճներ (тараканы) կան, ջուրը տրվում է օրը երկու անգամ՝ ոչ տևական ժամանակով, խցում գտնվողների թիվը անհամեմատ ավելի շատ է քնելու տեղերից, խիստ նեղվածք է:

Այժմ, ձմեռային շրջանում փաստորեն ամեն օր մի քանի ժամով տեղի են ունենում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ, կալանավորները երկար ժամանակ հայտնվում են լիակատար մթության մեջ, առանց ջերմության և երբեմն ընդհանրապես առանց ջրի»,- նշում է ամբաստանյաի կինը՝ հավելելով, որ նման պայմանները ինքը գնահատում է որպես կտտանք՝ Վլադիմիրի վրա ճնշում գործադրելու համար:

Ե.Ազյոման նշում է, որ համաձայն մեղադրական եզրակացության, վնասի գումարը կազմում է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար, սակայն գործում չկան փաստական տվյալներ այն մասին, ինչպես է կատարվել «ձեռնարկատիրական» գործունեությունը, չկան ապացույցներ իր ամուսնու կողմից եկամուտներ ստանալու մասին: Հավաքված ապացույցներն, ըստ կնոջ, ցույց են տալիս միայն, որ իր ամուսինը շփվել է տվյալ քրեական գործի մասնակիցների հետ միայն իր ծառայողական հրահանգների շրջանակում:

Ե.Ազյոման նշում է նաև, որ քննությունը բազմաթիվ անգամ մերժել է միջնորդությունները գործի նյութերի հիման վրա նոր, օբյեկտիվ փորձաքննություններ անցկացնելու մասին, դրանց անցկացման ընթացքում խախտվել են մեղադրյալի իրավունքները:

Խափանման միջոցը փոխելու միջնորդության մերժումը ՀՀ գլխավոր դատախազությունը պատճառաբանել է նրանով, որ Սաչկովը իբր կարող է թաքնվել քննությունից, կեղծել հանցանշանները, կարող է ճնշում գործադրել վկաների վրա: Ըստ կնոջ, այդ պատճառաբանությունները իրական հիմքերից զուրկ են, ընդամենը ենթադրություններ են:

«Իմ ընտանիքը գտնվում է ծանր ֆինանսական վիճակում: Մեր երեխաները՝ 9, 6 և 1 տարեկան, և ես բնակվում ենք Սանկտ Պետերբուրգում մեկսենյականոց բնակարանում, վերջին խնայողությունները ծախսվել են, սակայն ավելի ծանր է երեխաներին բացատրել, որ երբ ավարտվի դատը, որն այդպես էլ չի կարողանում սկսվել, նրանք կկարողանան հանդիպել հոր հետ: Այս ամբողջ ժամանակ ամուսինն ու հայրը չի կարողանում գրկել իր երեխաներին, լիակատար շփվել նրանց հետ, մասնակցել նրանց դաստիարակությանը», այսինքն՝ ըստ Ազյոմայի, խախտվում է իրենց ընտանեկան կյանքի իրավունքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս