Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը պատրաստ է շահագործման
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի վրացական հատվածն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է «Վրացական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն:
«Երկաթուղային ճանապարհի վրացական հատվածն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Մնացել է միայն ավարտել թուրքական կողմում կատարվող աշխատանքները։ Հուսով ենք՝ երկաթուղային միջանցքն այս տարի կգործի»,-ասել է Բախտաձեն:
Նա նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են տրանսպորտային ոլորտի զարգացման շատ կարևոր փուլում՝ կապված սևծովյան նավահանգիստները Պարսից ծոցի նավահանգիստների հետ միավորելու գավափարի հետ:
«Դրանք կարևորագույն նախագծեր են մեր երկրների, մեր միջանցքի համար: Կարծում եմ, որ միջանցքի բեռնափոխադրումների պոտենցյալը կարելի է գնահատել մի քանի միլիոն տոննա: Հաշվի առնելով բոլոր նախագծերը, որոնց մասին մենք այսօր խոսում ենք, երկարաժամկետ հեռանկարում այդ բեռնափոխադրումները կարող են հասնել մոտավորապես 10 միլիոն տոննայի»,- ասել է «Վրացական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենը: