Ն. Փաշինյանը հանդիպման է հրավիրում սոցցանցերում իր հասցեին մեղադրական գրառումներ անողներին
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը իր հասցեին մեղադրական, քննադատական գրառումների, մեկնաբանությունների հեղինակներին հրավիրում է առերես հանդիպման: Ֆեյսբուքյան իր էջում նա այսօր գրել է.
«Սիրելի բարեկամներ.
Վերջին շրջանում ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր իմ մասին «ցնցող բացահայտումներ» պարունակող գրառումներ են անում, մեկ ուրիշ խումբ օգտատերեր էլ տարածում է դրանք՝ նույնքան «ցնցող» մեղադրանքներով:
Տարբեր վարիացիաներով ինձ մեղադրում են հակաժողովրդական դավադրությունների մաս, կազմակերպիչ, դերակատար եւ նույնիսկ առաջնորդ լինելու մեջ: Բանը հասել է այնտեղ, որ սոցիալական ցանցերում նման գրառումները տարածվում են «sponsored» (վճարովի) խոսուն նշումով:
Երբեք չեմ համարել, թե դուրս պետք է լինեմ քննադատությունից, գիտակցում եմ, որ որպես հրապարակային գործիչ պետք է լինեմ հանրային խոշորացույցի ներքո:
Բայց եւ իմ պարտքն եմ համարում ժամանակ առ ժամանակ լուծել նախորդ ժամանակաշրջանում իմ մասին շրջանառվող «մեղադրանքների», «հավաստի լուրերի» հարցը:
Այս նպատակով՝ վերը նշված սենսացիոն-մեղադրական, քննադատական գրառումների, մեկնաբանությունների հեղինակներին, ինչպես իրենք են ասում՝ «հույժ հավաստի» տեղեկություններ ունեցողներին հրավիրում եմ առերես հանդիպման՝ ս/թ հունվարի 23-ին, ժամը 15.00-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:
Սա հայտարարում եմ ավելի քան մեկ շաբաթ առաջ, որպեսզի ինձ ուղղված «մեղադրանքների» հեղինակները ժամանակ ունենան իրենց գործերը դասավորելու: Հրավիրում եմ ոչ աշխատանքային օրով, որպեսզի աշխատանքով ծանրաբեռնվածները կարողանան ներկայանալ:
Նշված մեկնաբանությունների հեղինակները հնարավորություն կունենան աշխատանքային մթնոլորտում առերես հնչեցնել իրենց մեղադրանքները, հիմնավորել դրանք եւ լսել իմ պատասխանները:
Չեմ առարկում, որ յուրաքանչյուրը տեսագրի իր հարցադրումներն ու իմ պատասխանները եւ դա տարածի իրեն հարմար ձեւով: Նույնպիսի իրավունք վերապահում եմ նաեւ ինձ: Սպասում եմ քաղաքակիրթ եւ բովանդակալից բանավեճի:
Շնորհակալություն»:
Հանդիպման վայրի հասցե՝ Սայաթ Նովա 6:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝
099 54 50 44