Ուկրաինայում խոզի գրիպից 25 մարդ է մահացել
Նվազագույնը 25 մարդ է խոզի գրիպի զոհ դարձել Ուկրաինայում՝ հիվանդացության սեզոնն սկսվելուց ի վեր, հայտնում է Reuters-ը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի գրիպի դեմ պայքարի պետական կենտրոնի ղեկավար Տատյանա Դիխանովսկայան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայում նվազագույնը 1 ամսում խոզի գրիպից մահացել է 19 մարդ:
«112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում Ուկրաինայի պետական սանիտարական ծառայության ղեկավար Ելենա Ֆենյուկը հայտարարել է, որ երկրում գրիպի ժամանակ մահացու դեպքերի պատճառը պատվաստումից հրաժարվելն է:
«Մահացության դեպքերի պատճառը սովորաբար այն է, որ հիվանդները ժամանակին չեն դիմել բժշկական օգնության, բացի այդ, նրանք պատվաստված չեն եղել սեզոնային այդ գրիպի դեմ: Պատվաստման մակարդակը ցածր է: Ուկրաինայում պատվաստվել է մարդկանց 10 տոկոսը»,- հայտարարել է Ֆենյուկը:
Այս սեզոն Ուկրաինայում գերիշխում է А/H1N1 վիրուսը, որը կոչվում է խոզի գրիպ: Գրիպի բարդացումներից է թոքաբորբը: