Օզբիլիզի հարցով Շվեյցարիայում դատական գործընթաց է գնում. ոչ թե մարզական, այլ՝ քրեական
Հայաստանի Ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը Championat.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ ֆուտբոլիստի շուրջ առաջացած իրավիճակին և տրանսֆերային նորություններին:
Սելյուկը նշել է, որ Օզբիլիզի հարցով Շվեյցարիայում դատական գործընթաց է գնում:
«Դատական գործընթացը ոչ թե մարզական է, այլ՝ քրեական: Դա ուղղակի իսկական քրեական գործ է: Դատարանը վճիռ կկայացնի, և շատ հավանական է, որ «Կուբանի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, թե ինչ է տեղի ունենում հիմա:
Դատարանն անհրաժեշտ փաստաթղթեր է ուղարկում Կրասնոդար, սակայն դրանք հնարավոր չի լինում տեղ հասցնել, քանի որ այդ հասցեով այլևս ոչ ոք գրանցված չէ: «Կուբանում» բոլորը թաքնվում են ինչ-որ տեղ: Դա շատ անպատիվ է, անհասկանալի և խայտառակ:
«Կուբանն» Օզբիլիզի հարցով անկասկած պատասխանատու է: Ակումբի ղեկավարությունը միտումնավոր Օզբիլիզի արժեքը գրել է 2 մլն, իսկ նրան վաճառել է 9 մլն-ով: Օֆշորի միջոցով չեղարկել է եվրոպական ակումբների օրինական 6-8 մլն եվրոյանոց առաջարկները:
Սա ինչպե՞ս է պետք հասկանալ: Ի՞նչ է, նրանց պետք չէ՞ 8 մլն: Թե՞ շատ են հավանում 2 թիվը: Իսկ ո՞ւր են այս գործարքի հարկերը: Ո՞ւմ գրպաններում: Այդ դեպքում ինքներդ էլ գիտեք՝ որտեղ են»,- նշել է Սելյուկը:
Սելյուկը նաև նշել է, որ Արասի հետ նորմալ հարաբերությունների մեջ է: Շնորհավորել է
նրան ամուսնության կապակցությամբ, սակայն այլևս չի աշխատի նրա հետ:
«Օզբիլիզն այսպիսի ճակատագիր ընտրեց, բայց ես հասկանում եմ, որ դա հայկական սփյուռքի ճնշումն է: Տղային սպառնում էին, որ կհեռացնեն հավաքականից»,- ասել է Սելյուկը:
Սիրարփի Աղաբաբյան