«Նրանք մեզ դեռ է՜ն օրը կգցեն, այս բանաձևը դեռ սկիզբն է». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» ընկերության ղեկավար Արա Պապյանն այսօր անդրադառնալով անցնող տարում Արևմուտքի և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից Ադրբեջանին ուղղված քննադատություններին և պատասխանելով լրագրողների դիտարկմանը՝ միջազգային կառույցները քննադատում են Ադրբեջանին, բայց, օրինակ՝ ԵԽ ԽՎ-ում քննարկվում են հակահայ զեկույցներ, ասաց.

«Այն, որ Ադրբեջանին քննադատում են, բացահայտ է, այն, որ Հայաստանի դեմ էլ են որոշումներ ընդունում, դա էլ կա, բայց դրանք իրար հետ կապ չունեցող երկու հարցեր են: Մենք մեզ վատ ենք պահում ու ստանում ենք վատ պատասխան: Այդ զեկույցը մի շարք բաների արդյունք է. առաջին հերթին՝ մեր աշխարհաքաղաքական կողմնորոշման, երբ մենք լքեցինք մեր կոմպլեմենտար քաղաքականությունը և գնացինք միագիծ քաղաքականության:

Երբ մենք անդամակցում ենք Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)՝ կորցնելով մեր ինքնիշխանությունը, մենք Ռուսաստանի հակառակորդ բոլոր երկրներին դարձնում ենք մեզ հակառակորդ և թշնամի: Արդյո՞ք ունենք Ռուսաստանի չափ բավարար ռեսուրս, որ դիմակայենք այդ թշնամությանը, իհարկե՝ ոչ: Արևմուտքը հարվածում է Ռուսաստանի այն տեղերին, որոնք ավելի թույլ են: Ռուսաստանը թույլ է Հայաստանում, ու դրա համար էլ մեզ են խփում»:

Նա ընդգծեց՝ մենք մի քանի տարի բանակցել ենք ԵՄ-ի հետ, իսկ վերջում «գցել» ենք նրանց, խաբել ենք, նման բանը չի ներվում.

«Նրանք մեզ դեռ է՜ն օրը կգցեն, այս բանաձևը դեռ սկիզբն է: Բա ուզում եք՝ մենք իրենց խաբենք, ստորացնենք և որևէ պատասխան չլինի՞. լինելո՛ւ է»:

Տեսանյութեր

Լրահոս