Բաժիններ՝

«Ուլիս» ֆուտբոլային ակումբի կալանավորված մարզիչը չի ընդունում իր մեղավորությունը

«Ես պաշտոնապես հայտարարում եմ իմ պաշտպանյալի դիրքորոշումը. վերջինս չի ընդունում իրեն վերագրված մեղավորությունը, նա գտնում է, որ ինքն այս գործի շրջանակներում բացարձակ չի արել այնպիսի գործողություն, որը կարող է բերել քրեական հանցագործության աղերսի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ուլիս-Երևան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, կալանավորված Գագիկ Սիմոնյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն հաղորդել էր, որ 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս-Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև:

«Ուլիս-Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են: Հունվարի 13-ին կալանավորվել են նաև մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:

Գ. Սիմոնյանի փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրված ՀՀ օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով.

«Այդ պաշտոնական հայտարարությունից հետո մամուլում տեղադրվեցին տարբեր հոդվածներ, զրույցներ այս ֆորմատով, այնպիսի տպավորություն է ստացվում, որ իմ պաշտպանյալն արդեն կատարել է այդ հանցագործությունը: Այս պահին գնում է նախաքննություն, ավելի քան հակված եմ կարծելու, որ նախաքննությունը գնալու է օբյեկտիվ, և շատ հարցերի պատասխաններ կստանանք»:
Հարցին՝ Դուք ունե՞ք կոնկրետ փաստեր, որ այդ մարդն այդ խաղադրույքները չի կատարել, փաստաբանն այսպես պատասխանեց.

«Ես ամբողջ գործին ծանոթ չեմ, բայց ես խոսել եմ իմ պաշտպանյալի հետ, իր դիրքորոշումը հետևյալն է, որ ինքը տվյալ խաղի հետ կապված ոչ մի հակաօրինական գործառույթ չի իրականացրել: Ավելին, վերջինս հայատարարել է, որ ինքը ոչ մի խաղադրույք չի կատարել, ոչ մեկի հետ չի համագործակցել»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե՝ ըստ Ձեզ՝ որքանո՞վ է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցում ՀՀ ԱԱԾ մարմինների հետ գործի բացահայտման հետ կապված՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ, եթե ՈւԵՖԱ-ն պատժամիջոց չկիրառի, ապա Ֆուտբոլի ֆեդերացիան է հեռացնելու «Ուլիսին», Լ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց.

««Ուլիսը» միայն մարզիչով չէ պայմանավորված, այնտեղ կա աշխատակազմ, ֆուտբոլիստներ, և այնքանով, որքանով գնում է նախաքննություն, այդ բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն»:

Նա նաև նշեց, որ այն հոդվածով, որն առաջադրվել է Գ. Սիմոնյանի նկատմամբ, նախատեսվում է 0-2 տարի ազատազրկում, ինչպես նաև՝ տուգանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս