Կուրսանտի սպանության գործով զինծառայող ամբաստանյալը դատարան չէր ներկայացվել
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը: Դատարան չէր ներկայացվել ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը:
Դատավորն ասաց, որ նա գտնվում է Նոյեմբերյանում տեղակայված զորամասերից մեկում, դատարան ներկայացվում է Ռազմական ոստիկանության կողմից, և այդ առումով դատարանը գրություն է ուղարկել Զինված ուժերի շտաբի պետին: Այսօրվա դատական նիստին դատարան էր ներկայացել նաև դատախազ Կարեն Հարությունյանը, ով ևս կպաշտպանի մեղադրանքը: Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ դեռևս նախորդ տարվա ընթացքում ստացվել են քրեական գործեր, որոնք վերաբերում են Դավիթ Դավթյանին, Կարեն Բաղրամյանին, Զարմիկ Մարկոսյանին: Այս քրեական գործերը հարուցվել են սպանության գործի նյութերով:
Դատավորը խնդրեց կողմերին հաջորդ դատական նիստի ընթացքում կարծիք հայտնել՝ արդյոք այդ գործերով փաստական հանգամանքնեը նո՞ւյն են, թե՞ ոչ, կամ նմա՞ն են, թե՞ ոչ, և արդյո՞ք դրանցով դատարանի կողմից որևէ փաստական հանգամանքի հաստատված համարելը կարող է կասկածներ առաջացնել դատարանի անկողմնակալության կամ անաչառության վերաբերյալ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին: Դատական նիստի ավարտից հետո Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, ասաց, որ ամբաստանյալներից մեկն ամեն անգամ դատական դահլիճից աչքով է տալիս, հավանաբար՝ իր հարազատներին: «Քեզ էլ հետո աչքով կտան»,- արձագանքեց սպանված զինծառայողի հայրը: