Բաժիններ՝

«Հրահանգ կամ հանձնարարություն է եղել՝ քանդել կլոր մասնաշենքը». արվեստագետները՝ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվության մասին

Ինչպես հայտնի է՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը երեկ հայտարարություն էր տարածել Երևանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ։

«Երևանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։

1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է՝ որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության կողմից գնահատված է՝ որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։

2012թ․ դեկտեմբերին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակներում ընդունվել էր բանաձև, որով կոչ էր արվել ՀՀ կառավարությանը` պահպանել, առանց ձևափոխությունների վերականգնել և պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը։ Ի պատասխան այս բանաձևի` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը 2013թ. հունվարի 15-ին նամակ էր հղել Վիեննայի ճարտարապետական կենտրոնի ղեկավար Դիտմար Շտեյներին, որով հավաստիացրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը գտնվում է պետության և ղեկավարության ուշադրության ու հոգածության ներքո:

2013թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկը և այդ շինության պահպանման խնդրանքով դիմել էր ՀՀ կառավարությանը։ Իսկ 2015թ․ հոկտեմբերի 15-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ, Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը կոչով դիմել էր ՀՀ իշխանություններին` ճանաչել այդ շինության արժեքը և ապահովել դրա պահպանումն ապագա սերունդների համար:

Նման պայմաններում, երբ առկա է Հայաստանի, համայն հայության և միջազգային հանրության հեղինակավոր կառույցների միասնական դիրքորոշումը «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի վերաբերյալ, որևէ հայ պաշտոնյայի կողմից ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում։ Կաշառքի դիմաց ազգային արժեքներ ոչնչացնողն ազգի թշնամին է։

Ուստի, «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը ոտնձգություններից պաշտպանելու նպատակով, ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին»,- ասվում է ՀՀ ճարտարապետների միության վարչության անդամ, ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանի հայտարարության մեջ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը պատմեց, որ իրենք և՛ կառավարության, և՛ ներդրողի հետ որոշակի հայտարարի էին եկել, որ շարունակեն ճարտարապետների հետ քննարկումները, հաշվի առնեն այն բոլոր ռեսուրսները, որ կարողանան պահպանել համալիրի հին մասնաշենքը ու կարողանան նոր համալիրի հետ միասին աշխատեցնել.

«Ստացվում է՝ մենք միշտ մի նոր տարօրինակ վիճակի մեջ ենք, կարծես մեր պատմամշակութային արժեքները պահպանելու համար մենք պայքարենք մեկ այլ պետության դեմ: Սա արդեն որերորդ անգամ նույն սխեմայով կրկնվում է, ու դրա համար վախենում ենք, որ նույն ձևով կշարունակեն: Մենք շատ հարգում ենք մեր ինվեստորներին, բայց եթե մենք մի կառույց ենք ստեղծում՝ մյուսը քանդելով, նշանակում է՝ մենք նույն տեղում դոփում ենք: Մենք կորցնում ենք քաղաքը, կորցնում ենք մեր քաղաքի արդեն դժգունացած դիմագիծը»:

Լրագրողների հարցին՝ եթե ընդհանուր հայտարարի էիք եկել, հարցը կարծես թե լուծվել էր, ինչո՞ւ նման որոշում կայացրեցին, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն այսպես պատասխանեց.

«Մանրամասներին տեղյալ չեմ, բայց այն ընթացքը, որ այսօր տեղի ունեցավ, տեղ է տալիս մտածելու, որ այդպիսի հրահանգ կամ հանձնարարություն եղել է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս