Բաժիններ՝

Մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը

Այսօր կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է լինելու հայ անվանի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին: Այս մասին այսօր հայտնի դարձավ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Այս տարի փառատոնը կներառի 4 համերգային երեկո, որի ընթացքում կներկայացվեն հայ և դասական ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի հոբելյանական երեկոներ: Կնշվեն կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի 70-ամյա և Վարդան Աճեմյանի 60-ամյա հոբելյանները:

Ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն անդրադառձավ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կարևորությանն ու անցկացմանը.

«Սա շատ կարևոր փառատոն է, կարևոր երևույթ՝ հատկապես կոմպոզիտորների համար: Այն ունի հստակ նպատակ, հստակ ձևավորված տեսլական: Եթե Սերգեյ Խաչատրյանը Հայաստանում է, կատարում է ժամանակակից կոմպոզիտորի գործ, և, եթե փառատոնը Նախագահի հովանու ներքո է անցկացվում, ապա այն կարելի է համարել կայացած»,- ասաց Ս. Սմբատյանը:

Փառատոնի բացման համերգին աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ առաջին անգամ կհնչի Խաչատուր Մարտիրոսյանի ջութակի և նվագախմբի «Կոնցերտ-Ֆանտազիան», որ, ինչպես պարզվեց այսօր կայացած ասուլիսի ընթացքում, գրվել է հենց ջութակահարի համար.

«Մի քանի տարի առաջ կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանը մոտեցավ ինձ ու ասաց, որ ինձ համար կոնցերտ է գրել: Չէի սպասում նման բան, շատ շնորհակալ եմ նրան և շատ զգացված եմ: Սա առաջին կոնցերտն է, որ նվիրվում է ինձ, և ես խոստացա, որ կկատարեմ այն, երբ ժամանակ կլինի: Մինչև այսօր չստացվեց կատարել, բայց հիմա արդեն առիթը եկել է: Երեկ երիտասարդական նվագախմբի հետ առաջին փորձն արեցինք, շատ հետաքրքիր է»:

Փառատոնի համերգային ծրագրերում կհնչեն նաև Է. Միրզոյանի «Տոնական կոչնակները», ինչպես նաև՝ կամերային և սիմֆոնիկ մի շարք ստեղծագործություններ, մասնավորապես՝ երկար տարիներ չհնչած ռոմանսները, լարային սիմֆոնիան:

Փառատոնի շրջանակներում առանձին համերգային ծրագրում Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ կհնչեն հայ երգչախմբային արվեստի ստեղծագործություններ, Էդգար Հովհաննիսյանի խմբերգերն ու ժողովրդական երգերի մշակումներ, որոնք երկար ժամանակ չեն հնչել տեղի հանդիսատեսի համար:

Փառատոնի փակման համերգին Հայաստանի երիտասարդական նվագախումբը առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ինչպես նաև՝ Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան:

Հայ կոմպոզիտորների արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս