«Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցն անցնում է արևային ջրատաքացման տեխնոլոգիաների
Այսուհետ «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ջուրը տաքացվելու է արևային էներգիայով: Հյուրանոցում տեղադրվել և արդեն շահագործվում է 1,140 վակուումային խողովակներից բաղկացած արևային ջրատաքացուցիչ համակարգ, որը կապահովի տարեկան մոտ 3.5 մլն դրամ խնայողություն հյուրանոցի համար: Համակարգի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Նախագիծն իրականացվել է Համահայկական բանկի և ԱԿԲԱ Լիզինգի վարկային ընկերության համատեղ վարկավորման միջոցով:
«Սա առաջին ծրագիրը չէ, որ իրականացնում է «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը: 2014թ.-ից սկսած ընթացքում իրականացրած մի շարք հաջողված նախագծերի իրականացման արդյունքում ստեղծվեց «Green Leasing» ենթաբրենդը, որի միջոցով իրականացվում են միմիայն էներգախնայող և էներգաարդյունավետ ծրագրեր: Սա միանշանակ իդեալական լուծում է ցանկացած բիզնեսի համար, քանի որ այս տարբերակում, տնտեսվարը, ոչ միայն խնայում է շրջակա միջավայրը, այլ նաև իր միջոցները, որոնց մի մասն ուղղում է լիզինգի մարմանը, մյուսը՝ բիզնեսըի զարգացմանը: 2016-2018թ.-ին «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը «Green Leasing» ենթաբրենդով նախատեսում է ավելի խոշոր ծավալի ներդրումներ, քանի որ նման ծրագրերն ավելի արդիական են դառնում:
Արևային էներգիայի կիրառմանբ ջրատաքացուցիչների ձեռք բերման ֆինանսավորումը լիզինգի միջոցով կարելի է ասել նորություն է ֆինանսական շուկայում, քանի որ հաճախորդի համար միաժամանակ լուծվում է և գրավի առարկայի, և շրջակա միջավայրի պահպանման, և արտարժույթային ռիսկերի հարցերը: Նշեմ նաև, որ նման ծրագրերի համար օգտագործվում են հատուկ ներգրավված միջոցներ, որոնք տրամադրվում են թե ֆիզիկական և թե իրավաբանական անձանց տարեկան 10.5% տոկոսադրույքով ՀՀ դրամով և մինչև 60 ամիս մարման ժամկետով», – ասաց ԱԿԲԱ Լիզինգի գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը:
Արևային էներգետիկան մեծ ներուժ ունի Հայաստանում՝ պայմանավորված մեր երկրի բնակլիմայական պայմաններով, իսկ ներկրվող ավանդական էներգիայի աղբյուրներից կախվածությունը արևային և այլ այլընտրանքային էներգետիկայի զարգացումն էլ ավելի կարևոր են դարձնում Հայաստանի համար: Արևային ջրատաքացուցիչները աշխատում են ողջ տարվա ընթացքում՝ դիմակայելով նույնիսկ 3 սմ-ոց կարկուտի ուղիղ հարվածներին, և թույլ են տալիս անվճար տաքացնել կենցաղում և բիզնեսում օգտագործվող ջուրը:
«Արևային ջրատաքացուցիչները արդյունավետ լուծում են հատկապես հյուրանոցների համար և մենք ուրախ ենք աշխատել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցի նման առաջադեմ, պահանջկոտ և միևնույն ժամանակ կառուցողական գործընկերոջ հետ: 2015թ-ին մենք մի շարք նման նախագծեր իրականացրեցինք հանրապետության տարբեր տարածքներում, իսկ սա առաջին նմանատիպ նախագիծն է Երևանի սրտում: Վստահ եմ, 2016թ-ին նոր թափ կհաղորդվի երկրում արևային ջրատաքացուցիչների ներդրման գործընթացին», – նշեց Շտիգեն ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը:
«Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում և այլ վայրերում տեղադրված արևային ջրատաքացման համակարգերի մասին ավելի մանրամասն տեղեկությունները հասանելի են ՇՏԻԳԵՆ-ի պաշտոնական կայքի «Նախագծերը» բաժնում:
https://www.youtube.com/watch?v=7F3oWEi4dDw
Աղբյուրը` shtigen.com: