Գերմանիայում հնարավոր են փարիզյան սցենարով ահաբեկչություններ. ԶԼՄ-ներ
Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ Գերմանիայում բարձր է Փարիզի ահաբեկչությունների սցենարով հարձակումների հավանականությունը, հայտնում է գերմանական Bild-ը:
Պարբերականը հղում է կատարում Գերմանիայի ներքին գործերի նախարարության գաղտնի զեկույցին, որը նվիրված է անվտանգության ոլորտի իրավիճակին:
Փաստաթղթում ասվում է, որ երկիրը «ջիհադական հայացքներով մոտիվացված բռնության փաստացի թիրախ է, որը կարող է ցանկացած պահի դրսևորվել պետական ու քաղաքացիական հաստատությունների, ինչպես նաև պետծառայողների ու խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների տեսքով»:
Փաստաթղթի հեղինակները, մասնավորապես, նախազգուշացնում են, որ Գերմանիայում կարող են ահաբեկչություններ տեղի ունենալ, որոնք նման կլինեն նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցածին: Խոսքը հրազենի ու ռումբերի գործադրմամբ հարձակումների շարքի մասին է: Ընդ որում՝ հարձակումները կարող են իրականացվել մի քանի օր շարունակ:
Պարբերականը նշում է, որ առավել մեծ վտանգ են ներկայացնում նրանք, ովքեր կռվում են Սիրիայում ջիհադական խմբավորումների կողմից: 850 գերմանացի է միացել ԴԱԻՇ-ին ու նմանատիպ ահաբեկչական խմբավորումների, շուրջ 300-ը վերադարձել են Գերմանիա, գրում է Bild-ը: