
ԱՄՆ-ը 70 միլիոն դոլար կհատկացնի փախստականների կարիքները հոգալու համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայել է 70 միլիոն դոլար հատկացնել հատուկ պետական հիմնադրամից, որն ստեղծվել է փախստականներին օգնության տրամադրման համար, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ մինչև 70 միլիոն դոլար միջոցները հատկացվում են փախստականների ու ներգաղթյալների չնախատեսված արտակարգ կարիքների համար՝ նրանց Միացյալ Նահանգներ մատչումի ծրագրի շրջանակում:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ թույլատրվել էր մուտք գործել 85 հազար փախստականի, իսկ այս տարում նրանց թիվը կավելանա մինչև 100 հազար:
Հաղորդվում է, որ սիրիացի փախստականների թիվը, որոնք վերջին 5 տարում հայտնվել են ԱՄՆ-ում, կազմում է 1,5 հազար:
«Գումարները կբաշխվեն ՄԱԿ-ի մասնագիտացած կառույցների միջոցով ու կծախսվեն դեղորայք, պարեն ու առաջին անհրաժեշտության իրերի գնման վրա»,- հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: