Բաժիններ՝

Ադրբեջանական SOCAR ընկերության հետ ռազմավարական համագործակցությունը չափազանց կարևոր է. Վրաստանի վարչապետ

«Ցանկանում եմ ընդգծել, որ ռազմավարական համագործակցությունը SOCAR ընկերության հետ չափազանց կարևոր է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հետ հանդիպմանը:

Հանդիպմանը վրացական կողմից ներկա են եղել էկոնոմիկայի, կայուն զարգացման նախարարներն ու բիզնես-օմբուդսմենը, ադրբեջանական կողմից՝ SOCAR-ի փոխնախագահը, ընկերության ներդրումային դեպարտամենտի ղեկավարն ու «SOCAR – Ջորջիայի» գլխավոր տնօրենը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես հայտնել են IPN-ին Վրաստանի կառավարության ադմինիստրացիայից, կողմերը քննարկել են գործող համագործակցության շրջանակից բխող ընթացիկ հարցեր ու պայմանավորվել, որ ռազմավարական համագործակցությունը Վրաստանի ու SOCAR-ի միջև շարունակվելու է ու խորանալու:

«Ադրբեջանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է: Չնայած քաղաքական սպեկուլյացիաներին, որ առկա են վերջին շրջանում, ցանկանում եմ ընդգծել, որ ռազմավարական համագործակցությունը SOCAR ընկերության հետ չափազանց կարևոր է ու մենք պատրաստ ենք քննարկել ապագա համագործակցության խորացման հարցերը:
Ադրբեջանը Վրաստանի բարեկամն է ու դա ամենակարևորն է: Մենք ցանկանում ենք գործընկերների հետ միասին քննարկել ապագա հարաբերություններն ու միասին լուծել խնդիրները: Կարծում եմ, որ ոչ մի տեխնիկական խոչընդոտ չի կարող խանգարել մեր համագործակցության զարգացմանը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են այն տեխնիկական խնդիրները, որոնք առաջանում են Վրաստանում ձմռան ու գարնան ընթացքում՝ բնական գազի մատակարարումների հետ կապված:

Հաղորդվում է, որ SOCAR ընկերության նախագահը «կարևոր» է համարել Վրաստանի վարչապետի հետ հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս