Էջմիածնի նախկին քաղաքապետ. «Ինչ ա՝ քաշքշուկի համար բողոքո՞ւմ են միլիցիա». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. Դեկտեմբերի 29-ին գեներալ Մանվելի անմիջական մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած ծեծկռտուքի ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանին ծեծելու մասին մեր հրապարակումներին ոստիկանությունն արձագանքեց մի բանի օր հետո։
Լրատվական կայքերից տեղեկանալով, որ ոստիկանությունում նախկին քաղաքապետը հերքել է եւ ապատեղեկատվություն համարել մամուլի հրապարակումները, երեկ կրկին կապվեցինք նրա հետ, հիշեցրինք մեր զրույցն ու ոստիկանությունում նրա հերքումը։ «Հա, բա ի՞նչ պիտի անեի, այսինքն՝ պիտի բողոքեի՞»,- մեր զարմանքից զարմացավ Հրաչիկ Աբգարյանը։ Այսինքն՝ այնուամենայնիվ չեք ժխտում, որ եղել է միջադեպ, պարզապես, հասկանալով ինչ-ինչ հանգամանքներ, չե՞ք բողոքել։
«Հասկանալով չէ՝ գիտակցելով»,- ուղղեց մեզ նախկին քաղաքապետը։ Ճնշումներ եղել են ու էլի կլինեն՝ այդ պատճառով։ «Չէ, չեն եղել, երեխեքիս արեւ, ճնշումներ չեն եղել»։ Այդ դեպքում ինչո՞ւ չեք պայքարում Ձեր ոտնահարված իրավունքների համար։ «Ինչպե՞ս պետք է պայքարեմ։ Ամեն մարդ մի ձեւով է պայքարում»։ Հետո վրդովվեց. «Ես էն տղեն չեմ, որ ինչ-որ մեկի ձեռքը պատանդ ընկնեմ։ Ինչ ա՝ քաշքշուկի համար բողոքո՞ւմ են միլիցիա, ընդամենը խոսակցություն է եղել ու գնացել է, դրա համար հո ես չեմ ՛բողոքի… Ինձ կյանքում ոչ մեկ չի կարա ծեծի»»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: