ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է
Հունվարի 14-ի ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 144 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։
Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 1954թ. ծնված կին, ով տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ, ուներ շաքարային դիաբետ։ Կնոջ մոտ հաստատվել էր գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։
Տեղեկացնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր։
Նշենք, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետևանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր սոցիալական և տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: