
Լոնդոնն անվտանգության նկատառումներով փողոցներում ավելացնում է զինված ոստիկանների թիվը

Լոնդոնի ոստիկանությունը մտադիր է ուժեղացնել պարեկությունը ևս մի քանի հարյուր զինված աշխատակիցներով, ինչը, ղեկավարության կարծիքով, թույլ կտա արդյունավետորեն հակազդել ահաբեկչական սպառնալիքին:
Սպասվում է, որ հավելյալ հրաձգային նախապատրաստություն կանցնի ևս 600 ոստիկան, որոնք քաղաքի փողոցներում զենք կկրեն: Ներկայում Լոնդոնում զենք կրելու ու կիրառելու իրավունք ունի մոտավորապես 2000 ոստիկան, հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական կառույցները խոստովանել էին, որ ոստիկաններին հրաման են տվել հարկ եղած դեպքում կրակ բացել ենթադրյալ ահաբեկչի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին ԴԱԻՇ-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ սպառնում էր Միացյալ Թագավորությանն ու անձամբ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնին:
Ահաբեկիչները սպառնացել էին ահաբեկչություններ իրականացնել Բրիտանիայի տարածքում: