Գրիպով կարող են հիվանդանալ բոլորը. ԱՆ-ն տեղեկացնում է
Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի ախտանշաններն են՝ ջերմությունը, մկանացավերը, հազը, մարմնի ջարդվածության զգացումը, գլխացավը:
Գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, հատկապես խոցելի խմբի անձինք, որոնց շարքին են դասվում նաև հղիները:
Գրիպով չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում՝
• չշփվել գրիպով հիվանդների հետ, խուսափել մարդկային կուտակումներից,
• օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով ընդունել վիտամին C, 10-15 օր տևողությամբ՝ համաձայնեցնելով նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի կամ բուժքրոջ հետ,
• սննդակարգում ավելացնել սննդամթերքի այն տեսակները, որոնք առավել շատ են պարունակում վիտամին C, օրինակ՝ չոր մասուրի թուրմ, կիտրոն, նարինջ, կիվի և այլն: Հնարավորինս շատ օգտագործել սոխ և սխտոր,
• բուժհաստատություն հաճախելիս, աշխատանքի, հասարակական վայրերում, տրանսպորտում կրել դիմակներ՝ եթե կա դրա անհրաժեշտությունը:
Հ Ի Շ Ե’ Լ
Հիվանդության թեթև նշանների առկայության դեպքում (փռշտոց, քթից արտադրություն, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում) անհրաժեշտ է անմիջապես դիմել նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկին:
Հիվանդության սկզբնական շրջանում կամ թեթև ընթացքի դեպքում բուժումը կարող է իրականացվել ամբուլատոր՝ նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի ամենօրյա հսկողության պայմանով:
Ամբուլատոր բուժման ժամանակ, ախտանիշների ի հայտ գալուց 24-48 ժամվա ընթացքում, կարող է վիճակի բարելավում չնկատվել, ավելին՝ կարող է առաջանալ հիվանդության զարգացում կամ բարդություններ: Այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկին կամ հիվանդանոց:
Հղիության ընթացքում վտանգի նշանները, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել հիվանդանոց
• արյունային արտադրություն հեշտոցից,
• դժվարաշնչություն, շնչարգելություն,
• հարպտղային ջրերի արտահոսք,
• ցավ ցանկացած տեղակայման, հատկապես որովայնի, կրծքավանդակի և վերստամոքսային շրջանում,
• տեսողության վատացում, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շրջապատի նկատմամբ անտարբերություն,
• սրտխառնոց և փսխումներ հղիության երկրորդ կեսում,
• գիտակցության մթագնում, ցնցումներ,
• պտղի շարժումների փոփոխություն` խիստ շարժունակություն, շարժումների թուլացում կամ բացակայություն,
• գրիպի արագընթաց զարգացման և/կամ բարդությունների առաջացման նշաններն են` շնչարգելություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգստի վիճակում դժվարացած և/կամ հաճախացած շնչառություն, մաշկի կապտավուն երանգ, արյուն` խորխի մեջ կամ գունավոր երանգի խորխ, ցավ կրծքավանդակում, ցածր ճնշում, գիտակցության տարբեր աստիճանի խանգարումներ, ցնցումներ և այլն, կամ էլ հիվանդի վիճակի բարելավման բացակայություն հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց հետո 2-3 օրվա ընթացքում:
Դիմել հղիությունը հսկող կամ գրիպը բուժող բժշկին, երբ առկա է`
• բարձր ջերմություն,
• մաշկի մշտական քոր, ցանավորում,
• սրտխառնոց և փսխում հղիության առաջին կեսում,
• ձեռքերի և ոտքերի այտուցներ, երակների վարիկոզ լայնացում,
• թուլություն, գրգռվածություն, անքնություն,
• գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն,
• հաճախամիզություն, ցավ, այրոց միզելիս,
• լուծ, փորկապություն,
• առատ, ոչ արյունային արտադրություն հեշտոցից,
• հեշտոցային արտադրության քանակի, բնույթի փոփոխություն,
• շփում վարակիչ հիվանդների հետ,
• գրիպի ախտանիշների ի հայտ գալուց հետո` հիվանդ հղիի վիճակի բարելավման բացակայություն 24-48 ժամվա ընթացքում: