Մեկնարկել են Ժերար Դեպարդիեի մասնակցությամբ Ստալինի մասին պատմող ֆիլմի նկարահանումները
Պորտուգալիայում մեկնարկել են «Ստալինի բազմոցը» ֆիլմի նկարահանումները, որտեղ ֆրանսիացի հայտնի դերասան ժերար Դեպարդիեն մարմնավորում է գլխավոր հերոսին: Ֆիլմի ռեժիսորը Ֆաննի Արդանն է, հայտնում է RIA Novosti-ն:
Գործակալությունը, հղում կատարելով «Մոսֆիլմի» միջազգային կապերի ու ստուդիայի վարձույթի ծառայության պետ Սերգեյ Սիմագինին, նշում է, որ ռուսական կողմը տրամադրել է ռեկվիզիտների մի մասը, ինչպես նաև կոստյումներ:
«Մենք Ֆաննի Արդանի նկարահանող խմբին ուղարկել ենք զինվորական համազգեստ ու այն ժամանակվա իրեր: Մեզ ասել են, որ ամեն ինչ կօգտագործվի»,- ասել է Սիմագինը:
Հայտնի է նաև, որ Դեպարդիեի համար կոստյումներ է պատրաստում ֆրանսիական կողմը:
Ֆիլմը պատմում է երիտասարդ նկարիչ Դանիլովի մասին, ով 1950 թվականին գնում է խորհրդային առաջնորդի մոտ, որպեսզի քննարկի նրա հետ «ժողովուրդների հայր» հուշարձանի նախագիծը:
Դեպարդիեի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումների մասին, որտեղ նա պետք է մարմնավորի Ստալինին, հայտնի էր դարձել դեռ դեկտեմբերին:
Հաղորդվում է, որ սյուժեն հիմնված է Ժան-Դանիել Բալտասսի նույնանուն վեպի վրա: