Բաժիններ՝

Մոսկվայում մահացած են հայտնաբերել Պուտինի հայտնի քննադատ ու ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Պրիբիլովսկուն

Մոսկվայի իր բնակարանում մահացած է հայտնաբերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի քննադատ, հրապարակախոս, թարգմանիչ, ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Պրիբիլովսկին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նախնական տեղեկություններով՝ նրա մահվան պատճառն ինֆարկտն է: Պրիբիլովսկին 59 տարեկան էր: Նա երկար ժամանակ տառապում էր շաքարախտով: Հրապարակախոսի մահվան պատճառները դեռ հայտնի չեն: Պրիբիլովսկին «Կորպորացիա. Ռուսաստանը և ԿԳԲ-ն նախագահ Պուտինի օրոք» գրքի համահեղինակներից էր:

Այն մասին, որ տղամարդուն մահացած են հայտնաբերել իր բնակարանում, հայտնել է նրա ընկերը՝ պատմաբան Յուրի Ֆելշտինսկին: Իր բլոգում նա գրել է, որ Պրիբիլովսկու մահվան հանգամանքների մասին ոչ մի հավելյալ տեղեկություն չունի:
Լուրը Business FM-ի հետ զրույցում հաստատել է նաև հրապարակախոսի որդին՝ Միխայիլը: Նրա խոսքով՝ հոր մահվան պատճառները կհրապարակվեն դիահերձումից հետո:

2007 թվականին ՌԴ դատախազության աշխատակիցները խուզարկություններ էին կատարել նրա տանը՝ կապված պետական գաղտնիքի հրապարակման հետ, առգրավվել էին նրա համակարգիչները, էլեկտրոնային կրիչները, գրքերը, ինչպես նաև «Պուտինի համախոհները» գրքի նյութերը:

2009թ. փետրվարին Նյու Յորքում հրապարակվեց նրա ու Ֆելշտինսկու «Կորպորացիա. Ռուսաստանը և ԿԳԲ-ն նախագահ Պուտինի օրոք» գրքի անգլերեն թարգմանությունը, 2010թ. սեպտեմբերին գիրքը հրատարակվեց Ռուսաստանում:
2010թ. մարտին նա ստորագրեց Ռուսաստանի ընդդիմության «Պուտինը պետք է հեռանա» դիմումը:

Պրիբիլովսկին շուրջ 40 գրքի հեղինակ էր, «Պանորամա» տեղեկատվական-հետազոտական կենտրոնի նախագահը, Антикомпромат ինտերնետ-պարբերականի ղեկավարը, «Սուբտրոպիկ Ռուսաստան» շարժման ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս