«Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների որոշ չափով սրումը նաև մեզ հնարավորություն է տալիս որոշ ակտիվներ ձեռք բերել». Կիրո Մանոյան
«Հաճախ, երբ իրավիճակները վտանգավոր են, այդ վտանգավոր իրավիճակները նաև նոր հնարավորություններ կարող են տրամադրել, նայած՝ թե դերակաատարներն ովքեր են և ինչ ակտիվություն կցուցաբերեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե՝ Հայաստանն ինչպիսի՞ մարտահրավերների առաջ է կանգնած՝ հաշվի առնելով տարածաշրջանային հարաբերությունները, նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ եթե շատ սրվեն Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները՝ հասնելու մինչև պատերազմական վիճակի, այդտեղ ոչ մի լավ բան էլ չի լինի մեզ համար, բայց նրա գնահատմամբ՝ որոշ չափով սրումը նաև հնարավորություններ է տալիս, որպեսզի մենք նաև այդտեղ որոշ ակտիվներ ձեռք բերենք. «Այս բոլորի մեջ Թուրքիան՝ որպես տարածաշրջանային դերակատար, բավական շատ վարկաբեկվում է իր պահվածքով, ու մենք կարող ենք նաև այլ պետությունների հետ այս ուղղությամբ արդյունավետ աշխատանք տանել»:
Անդրադառնալով Իրանի հետ կապված հարցերին՝ Կ. Մանոյանը նշեց, որ ինչքան Իրանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունները բնականոն դառնան, այնքան լավ Հայաստանի համար. «Որովհետև Հայաստանն արդեն և՛ Իրանի հետ, և՛ Արևմուտքի հետ ունի բավական սերտ հարաբերություններ և կարող է նաև օգտակար դերակատար լինել՝ այս առիթից օգտվելով՝ Իրանի հետ ավելի սերտացնելու հարաբերությունները, Իրան-Արևմուտք զարգացող հարաբերություններում ինչ-որ դերակատար լինելու»: