
Մեդվեդևը ԵՄ-ի հետ հարաբերությունների նորմալացման հույս ունի

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է պատրաստակամության մասին՝ վերականգնել «նորմալ հարաբերություններ» Եվրամիության երկրների հետ: Այս մասին նա հայտարարել է Գայդարովյան ֆորումի շրջանակներում, հայտնում է Gazeta.ru-ն:
«Մենք պատրաստ ենք վերականգնել փոխադարձ շփումները Եվրամիության պետությունների հետ: Եվրոպան մեր մերձավոր հարևանն է, տնտեսական կարևոր գործընկերը, մեր առևտրաշրջանառությունը նախկինի պես հաշվարկվում է միլիարդավոր եվրոներով, չնայած պատժամիջոցների փաստին»,- ասել է Մեդվեդևը:
Նա նշել է, որ դրա համար հարկավոր է քայլեր անել «տնտեսական տրամաբանության հիման վրա՝ հաշվի առնելով եվրոպական ու ռուսական բիզնեսի օբյեկտիվ շահագրգռությունը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 6 ամսով՝ կապված Ուկրաինայում ստեղծված վիճակի հետ: