
Ուկրաինայում խոզի գրիպից տասնյակ մարդիկ են մահացել

Ինչպես «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի պետական սանիտարական ծառայության ղեկավար Ելենա Ֆենյուկը, երկրում գրիպի ժամանակ մահացու դեպքերի պատճառը պատվաստումից հրաժարվելն է, հայտնում է korrespondent.net-ը:
«Մահացության դեպքերի պատճառը սովորաբար այն է, որ հիվանդները ժամանակին չեն դիմել բժշկական օգնության, բացի այդ, նրանք պատվաստված չեն եղել սեզոնային այդ գրիպի դեմ: Պատվաստման մակարդակը ցածր է: Ուկրաինայում պատվաստվել է մարդկանց 10 տոկոսը»,- հայտարարել է Ֆենյուկը:
Նրա խոսքով՝ այս սեզոն Ուկրաինայում գերիշխում է А/H1N1 վիրուսը, որը կոչվում է խոզի գրիպ:
Նշենք, որ խոզի գրիպից Օդեսայում արդեն մահացել է 15 մարդ:
Հունվարի 11-ի դրությամբ արդեն 17 մարդ մահացել է Կրամատորսկում:
Գրիպի բարդացումներից է թոքաբորբը: