Բաժիններ՝

Փարիզում հրեա քաղաքական գործիչ է սպանվել. երկրում աճում են հակասեմիթական տրամադրությունները

Փարիզի հարակից Կրետեյ բնակավայրի քաղաքային խորհրդի պատգամավոր, տեղի հրեական համայնքի հիմնադրի որդի, 73-ամյա Ալեն Գոզլանը երեկ սպանված է հայտնաբերվել իր բնակարանում: Ինչպես գրում է Metro-ն, քաղաքական գործչի մարմնի վրա առկա են ծեծի հետքեր ու դանակի բազմաթիվ հարվածներ:

Ոստիկանությունում աղբյուրը հայտնել է պարբերականին, որ զոհի բնակարանուն ինչ-որ բան են փնտրել, առևանգել են նաև Գոզլանին պատկանող ավտոմեքենան: Միաժամանակ, ոստիկանները դեռ չեն կարողանում որոշել՝ քաղաքական գործիչը դարձել է սովորական գողերի զո՞հ, թե՞ սպանությունը եղել է պլանավորված հարձակում:

Հակասեմիթականության դեմ պայքարի ազգային բյուրոն (BNVCA), կապված ողբերգության հետ, հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ուսումնասիրել կատարվածի բոլոր հանգամանքները ու չբացառել էթնիկ ատելության ու հակասեմիթականության հողի վրա սպանության վարկածը:

Նշենք, որ վերջին օրերին Ֆրանսիայում հաճախակիացել են հակասեմիթականության հողի վրա հարձակումները:

Հունվարի 12-ին Մարսելի հրեական համայնքի ղեկավար Զվի Ամարը խորհուրդ է տվել համայնքի անդամներին կիպաներ (ավանդական հրեական տղամարդու գլխարկ) չկրել հրապարակային վայրերում, մինչև «լավ ժամանակների» գալը:

«Ես կարծում եմ, որ կյանքը պահպանելը մյուս բոլոր բաներից ամենակարևորն է»,- ասել է նա ֆրանսիական BFM հեռուստաալիքի հետ զրույցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս