«Ոստիկանությունը վերածվել է քաղաքական իշխանության ձեռքին մահակի». Վարդան Հարությունյան

 

«Երկար տարիներ է, ինչ Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքական ընդդիմախոսների և նույնիսկ ոչ ընդդիմախոսների, ոչ իրենց թիմում եղած գործիչների նկատմամբ այդ տեսակ բռնություն են կիրառում՝ հարձակվել, ծեծել, խոշտանգել: Ես չեմ կարող ասել՝ դա կոնկրետ ո՞ր պահից սկսվեց: Բայց Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման երկրորդ փուլից դա ավելի հաճախ է եղել, և նշանավոր դեպքեր կան, երբ այդ ծեծը, բռնությունը մարդու նկատմամբ կարելի է դիտարկել ոչ թե՝ որպես բռնություն, այլ անգամ՝ որպես մահափորձ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ նշելով, որ նախորդ տարվա ավարտին և այս տարվա սկզբում գրանցված բռնության դեպքերը պարզապես տրամաբանական շարունակություն են:

Նրա խոսքով՝ ոստիկանները հրապարակային ակցիաների ժամանակ միշտ էլ իրենց դրսևորում են «օրենքից դուրս կարգավիճակում»: Նա ասաց, որ ՀՀ-ն պետք է և կարող էր ունենալ իսկական ոստիկանություն, որը պետք է քաղաքականությունից դուրս լիներ, չպետք է առաջնորդվեր քաղաքական իշխանության հրահանգներով, այլ պետք է ենթարկվեր միայն օրենքին, պաշտպաներ հասարակական կարգը, պայքարեր քրեածին երևույթների դեմ: «Մեզանում ոստիկանությունը վերածվել է քաղաքական իշխանության ձեռքին մահակի, և մահակներն էլ, որպես կանոն, գործում են օրենքից դուրս»:

Վարդան Հարությունյանն ասաց, որ, եթե Ազատության հրապարակում տոնածառի տեղադրման գործողությունն ավարտվեր ընդամենը քաշքշուկով, մի քանի հարվածով, կարելի կլիներ ասել, որ ոստիկանները չէին ցանկանում թույլ տալ տոնածառի տեղադրումը: «Բայց քանի որ այսօր կալանավորված անձ կա, նշանակում է՝ այդ սադրանքը նպատակաուղղված էր, այսինքն՝ խնդիր կար կալանավորել երիտասարդին՝ ակտիվ քաղաքական և հասարակական գործչին, ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդին»,- ասաց Վարդան Հարությունյանը՝ նշելով, որ չնչին բացառություններով, ոստիկանությունն այսօր զբաղված է քաղաքական, հասարակական գործիչների նկատմամբ սադրանքներ կազմակերպելով:

Կալանավորված Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Գևորգ Սաֆարյանի պնդմամբ՝ իր նկատմամբ խորհրդային մեթոդներ են կիրառվել. երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են սադրել, որպեսզի ակցիայի մասնակիցները հակադարձ բռնություն գործադրեն, դա չի ստացվել, և ոստիկանը հանցագործության մասին հաղորդում է տվել, երկու այլ ոստիկան հաստատել են դա: Արդյունքում՝ հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել Գևորգ Սաֆարյանին, և նա կալանավորվել է:

Փաստաբանի խոսքով՝ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խոչընդոտել է ոստիկանության օրինական գործողություններին և բռնություն է գործադրել այն ոստիկանի նկատմամբ, ով իր գործողություններն է կատարել: Փաստաբանն ասաց, որ իրենք չեն ընդունում, որ ոստիկանության գործողություններն այդ օրն օրինական են եղել, և ոստիկանն իր օրինական պարտականություններն է կատարել:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ թե՛ «Ոստիկանության մասին», թե՛ «Հավաքների ազատության մասին» օրենքով կարգավորվում է, որ հավաքի մասնակցի նկատմամբ հատուկ միջոցներ գործադրելու կամ հեռացնելու անհրաժեշտւթյան դեպքում ոստիկանությունը պետք է մի քանի անգամ բարձրախոսով հայտարարի այդ մասին, թե ինչու անձը կարող է խոչընդոտել հավաքին, ում իրավունքներն են ոտնահարվում. հատուկ միջոցներ կիրառելը կամ հեռացնելը պետք է գործադրվի այն դեպքում, երբ ՀՀ ազգային անվտանգությանն է վտանգ սպառնում, կամ ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

«Չեմ կարծում՝ կգտնվի որևէ իրավաբան, ով ասի, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը խաթարվում է, կամ որևէ քաղաքացի կյա, որի իրավունքները ոտնահարվել են, երբ քաղաքացին տոնածառով մտնում է հրապարակ: Միայն այդ դեպքում ոստիկանությունը կարող էր ուժ գործադրել, այն էլ պետք է լիներ համաչափ ուժ»,- ասաց նա: Փաստաբանն ասաց, որ ակցիայի մասնակիցները դիմել են Երևանի քաղաքապետարանին, որը ոչ թե արգելել է տոնածառի տեղադրումը, այլ նշել, որ դա հավաքի հետ չի առնչվում, և իրենք քննության չեն առնում այդ հարցը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ արձանագրեց հարձակողական ոճի վարքագիծ՝ ուղղված ազատ մտքի, ազատ գործողության նկատմամբ, ինչը, ըստ էության, բացահայտում է վարչակազմի ապօրինությունը: «Սա բավական նոր իրավիճակ է»,- ասաց նա: Նա ասաց, որ բավական լուրջ մարտահրավերներ է տեսնում: Նրա խոսքով՝ ավտորիտար կառավարման ոճից աստիճանաբար քայլ ենք կատարում դեպի բռնապետական վիճակի:

Տեսանյութեր

Լրահոս