«Հնարավոր է՝ ռուսական ռազմաբազայի գերզինումը, գերհագեցումն ինչ-որ չափով բացասական դերակատարում ունենա». Պետրոս Մակեյան

Ինչպես արդեն հայտնել ենք , ռուսական արտադրության ժամանակակից անօդաչու թռչող սարքերով՝ «Տախիոններով» է համալրվել Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազան:

168.am-ի հետ զրույցում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանին ոչ մի դրական բան չի տալու դա.
«Քանի որ, եթե դա ռուսական ռազմաբազայում է, ռուսական զինուժի հսկողության տակ է, կիրառությունն էլ կլինի ռուսական՝ հրամաններով, շահերից ու անհրաժեշտությունից ելնելով: Միանշանակ այն կարծիքին եմ, որ դա Հայաստանին որևէ բան չի տա:

Իհարկե, հասարակության մի շերտ կա, որ հոգեբանորեն կարող է ընկալել դա՝ որպես դրական, իսկ իրականում՝ ոչ մի նոր բան: Կարծում եմ՝ Հայաստանը 1990-93 թվականի դասերը պետք է վերհիշի, երբ ամեն ինչ հույսը դրեց իր վրա ու ռազմական գործողություններն իրականացնում էր իր հնարավորություններով ու որոշումներով, այդ դեպքում ապահովվեց հաղթանակը, ու եղավ այն, ինչ մենք հիմա ունենք»:

Պ. Մակեյանը ոչ միայն գտնում է, որ ռուսական ռազմաբազայի՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքերով համալրումը որևէ դրական նշանակություն չի ունենա մեզ համար, այլև կարծում է՝ նույնիսկ հնարավոր է՝ ռազմաբազայի գերզինումը, գերհագեցումն ինչ-որ չափով բացասական դերակատարում ունենա. «Դե, բնականաբար, մենք՝ ունենալով Թուրքիայի նման հարևան, այդ իրավիճակը չպետք է բացառենք, որ հնարավոր է՝ գերզինումը ռուսական ռազմաբազայի նաև բացասական հետևանքներ ունենա»:

Տեսանյութեր

Լրահոս