Մենք պետք է նվազագույնի հասցնենք նավթից ունեցած կախվածությունը. Իլհամ Ալիև
2016 թվականին ոչ նավթային ոլորտի զարգացումը լինելու է առաջնային, միջոցառումներ են ձեռնարկվելու նվազագույնի հասցնելու նավթից ունեցած կախվածությունը: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում, որը նվիրված է եղել 2015թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու խնդիրներին:
Ալիևը նշել է, որ տնտեսական դիվերսիֆիկացիան, ոչ նավթային ոլորտի զարգացումը 2016թ. լինելու է տնտեսական ոլորտի հիմնական առաջնայնությունը:
«Վստահ եմ, որ այս տարի մենք մեծ հաջողություններ կունենանք այդ ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, մեր ՀՆԱ-ի կառուցվածքը փոխվում է դրական կողմը, ավելանում է ոչ նավթային ոլորտի մասնաբաժինը: Դա դրական երևույթ է: Կրճատվում է նավթից ունեցած կախվածությունը, ու մենք պետք է նվազագույնի հասցնենք այդ կախվածությունը, որպեսզի ապագայում կախված չլինենք նավթի գնից: Այսպիսին է մեր առաջ դրված խնդիրը»,- հայտարարել է Ալիևը:
Նրա խոսքով՝ հարկավոր է մեծ ծավալի նոր ներդրումներ ներգրավել Ադրբեջան: