
Ռուսական А321 ինքնաթիռի զոհերի հարազատները կդիմեն ամերիկյան դատարան՝ փոխհատուցում պահանջելով

Եգիպտոսում կործանված «Կոգալիմավիա» ընկերության А321 ինքնաթիռի զոհերի հարազատներն ամերիկյան դատարանում կպահանջեն փոխհատուցում յուրաքանչյուր զոհի համար 300 հազար դոլարից մինչև 1,5 միլիոն դոլար:
Այս մասին BBC-ի հետ զրույցում հայտարարել է նրանց շահերը ներկայացնող փաստաբան Իգոր Տրունովը, ով ներկայում կոլեկտիվ հայտ է ներկայացնում ինքնաթիռի սեփականատեր, ամերիկյան լիզինգային ILFC ընկերության դեմ:
ILFC-ն А321 ինքնաթիռի ուղղակի սեփականատերն է ու 3 տարվա ընթացքում այն լիզինգով հանձնել էր ռուսական «Կոգալիմավիային»:
«Ընկերությունն ապահովագրում է իր պատասխանատվությունը ավիաաղետներից ու այդ պայմանավորվածության շրջանակում մենք դատի կտանք վերջինիս: Թե քանի հայց կլինի, հենց հիմա էլ որոշում ենք, քանի որ մի քանի փուլով չի լինի, այդ պատճառով էլ որոշել են ընդհանուր հայցով ներկայանալ»,- ասել է փաստաբանը:
Տրունովի խոսքով՝ մասնավոր հայցերի գումարները կհասնեն մինչև մեկուկես միլիոն դոլարի: