
Քյոլնում կանանց նկատմամբ հարձակումների թիվը գերազանցել է 500-ը

Հանցագործությունների թիվը, որն իրականացվել է ամանորյա գիշերը գերմանական Քյոլն քաղաքում, հասել է 516-ի, դրա 40%-ը կապված է սեքսուալ ոտնձգությունների հետ, հայտարարել է Քյոլնի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դեռևս նախօրեին քաղաքային իշխանությունները հայտարարել էին 379 հանցավոր գործողությունների մասին՝ ուղղված կանանց դեմ, սակայն վերջին օրերին ի հայտ են եկել հակաօրինական գործողությունների նոր դեպքեր:
Բացի այդ՝ ոստիկանությունը պարզել է, որ նման հանցագործությունները, որ իրականացվել են նույն գիշեր Գերմանիայի մյուս քաղաքներում, կապված են Քյոլնի դեպքերի հետ:
Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ, անկասկած, բոլոր հարձակումները եղել են նախապես պլանավորված:
«Եթե նման հորդա հավաքվում է, որ իրականացնի հանցագործություն, ապա դա ինչ-որ կերպ պետք է պլանավորված լինի: Ոչ ոք ինձ չի համոզի, թե դա չի եղել պլանավորված ու չկոորդինացված»,- հայտարարել է գերմանացի նախարարը:
Իշխանությունները, վկաներն ու անձամբ հանցագործությունների զոհերը ասում են, որ հարձակման գիշերը Քյոլնի կայարանամերձ հրապարակում հավաքվել է մոտ 1000 տղամարդ, որոնք բաժանվել են փոքր խմբերի ու սկսել ոտնձգություններ կատարել կանանց նկատմամբ: