Նոր գործ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով. մեղադրանք է առաջադրվել մարտկոցի հրամանատարին

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հարուցված քրեական գործի նյութերով հարուցված քրեական գործերից մեկով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործն արդեն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Դավիթ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2013թ. նոյեմբեր ամսից մինչև 2015թ. հունվար ամիսը հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1 կուրսանտական գումարտակի 1-ին կուրսանտական մարտկոցի հրամանատար, ի պաշտոնե պետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ և 17.11.2014թ. կապիտան Արթուր Զարաֆյանից զեկույց ստանալով կուրսանտներ Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի,Վարազդատ Սաֆարյանի կողմից Տիգրան Մանասերյանի հետ վիճաբանելու և նրան հարվածելու վերաբերյալ, պատշաճ միջոցներ չի ձեռնարկել տեղի ունեցածի հանգամանքները պարզելու, վերադաս հրամանատարությանը զեկուցելու ուղղությամբ և տվյալ ստորաբաժանումում ստեղծել է անպատժելիության մթնալորտ»:

Քրեական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Հարությունյանին, ով դեկտեմբերի 19-ին այն վարույթ է ընդունել: Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքով հարուցված քրեական գործի նյութերով հարուցվել են մի շարք քրեական գործեր. դրանցից մեկով արդեն դատավճիռ է կայացվել, մյուսը ևս ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, քրեական մյուս գործը վերաբերում է Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի հորը` Զարմիկ Մարկոսյանին, ով եղել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի տեղակալը:

Տեսանյութեր

Լրահոս