Հունվարին սուր շնչառական հիվանդությունների պատճառով Աբովյանում մոտ 20 քաղաքացի հոսպիտալացվել է

Այս տարվա հունվարին սուր շնչառական հիվանդություններով վարակված հիվանդներից 3-ն են Աբովյանից Երևան տեղափոխվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Աբովյան քաղաքի հիվանդանոցի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ Մարինե Բաբայանը՝ ներկայացնելով, թե ինչ պատկեր է Աբովյան քաղաքում եղել սուր շնչառական հիվանդությունների տարածվածության առումով:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:

«Սուր շնչառական վարակներով հիվանդությունները շատ բնորոշ են այս ամիսներին, մի փոքր հիվանդացության աճ նկատվում է. դա պայմանավորված է սեզոնայնությամբ, և դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ եղանակի կտրուկ փոփոխություններ եղան: Տոնական օրերը ևս նպաստում են վարակի տարծմանը, որովհետև գիտեք՝ մեր հայ ազգը սովորություն ունի հյուր գնալ, միմյանց հետ շփվել, հաշվի չառնել հիվանդությունը, ու դա նպաստում է, և վարակելիությունը մի փոքր ավելանում է: Ասել, որ այս տարի ահավոր մեծ փոփոխություն ունենք` սխալ է»,- մեզ հետ զրույցում ասաց Մ. Բաբայանը:

Նրա խոսքով՝ բնորոշ պատկեր է, արտառոց դեպքեր չկան.

«Ունենք մոտ 20 հոսպիտալացման դեպք, հիմնականում հիվանդացությունը նկատվում է 0-5 տարեկան երեխաների մոտ, մեծահասակներն իրենք տանն իրենց տնական միջոցներով կարողանում են բուժել, դրա համար դիմելիությունն ավելի շատ նկատվում է երեխաների շրջանում»:

Մեր այն հարցին, թե կոնկրետ ո՞ր վիրուսն է տարածված Աբովյան քաղաքում՝ Մ. Բաբայանը պատասխանեց, որ կոնկրետ չի կարող ասել, քանի որ Աբովյանի բժշկական կենտրոնը չունի վիրուսոլոգիական հետազոտություն, և իրենք վիրուսի հետազոտություն չեն կատարում: «Սուր շնչառական վարակն է, ունեցել ենք նույնիսկ թոքաբորբի դեպքեր»,- նշեց մեր զրուցակիցը:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Աբովյանից Երևան հիվանդներին տեղափոխելու դեպքեր եղե՞լ են: Ի պատասխան՝ մանկաբույժն ասաց, որ իրենք ամեն ամիս էլ ունենում են տեղափոխությունների դեպքեր. «Դեկտեմբեր ամսին ունեցել ենք երկու տեղափոխություն, հունվար ամսին` ընդամենը 3 տեղափոխություն»:

Հարցին էլ՝ խոզի գրիպի դեպքեր եղե՞լ են Աբովյանում, Մ. Բաբայանը պատասխանեց, որ իրենք նմանատիպ տվյալներ ու վիրուսոլոգիական հետազոտություններ չունեն:

Տեսանյութեր

Լրահոս