Բաժիններ՝

Netflix ծառայությունը հասանելի է դարձել ևս 130 երկրում

Ամերիկյան Netflix ծառայությունը, որը առաջարկում է կինո ու վիդեոարտադրանքի օնլայն դիտումներ, ընդլայնել է իր ներկայությունը 130 երկրում՝ մինչև 190 երկիր: Համաձայն ընկերության մամլո հաղորդագրության՝ նոր երկրների թվում, որտեղ այսուհետ կգործի Netflix-ը, ներառված են եվրոպական բոլոր երկրները: Ուկրաինայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Լեհաստանի, Հնդկաստանի ու Վիետնամի բնակիչները նույնպես մատչում կստանան հայտնի վիդեո-ծառայությանը:

Ղրիմում, ինչպես նաև Հյուսիսային Կորեայում, Netflix-ը հասանելի չի լինի ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով:
Ինչպես հայտարարել է ընկերության ղեկավար Ռիդ Հասթինգսը, ընկերության համար փակ է մնում միայն Չինաստանի շուկան:

Դեռ ողջ կոնտենտը ցուցադրվում է անգլերենով: Հասթինգսի խոսքով՝ լեզուների ցանկն աստիճանաբար ընդլայնվելու է:

Այդ ծառայության յուրահատկությունը հնարավորությունն է դիտել ողջ սեզոնի սերիալները հենց առաջին իսկ սերիայի արտադրման օրվանից, այլ ոչ թե սպասել յուրաքանչյուր էպիզոդի մի քանի օր կամ շաբաթ շարունակ:

Netflix-ն անվճար կարելի է դիտել 1 ամիս: Դրանից հետո առաջարկվում են 3 սակագնային պլաններ, որոնք տարբերվում են վիդեոյի որակով ու սարքերի թվով, որոնցով կարելի է միաժամանակ դիտել ֆիլմեր ու սերիալներ: Բազային փաթեթը ամսական արժե 7,99 եվրո:
1997 թվականին հիմնադրված Netflix-ը սկզբնապես զբաղվել է փոստով DVD ֆիլմերի վարձույթով:

Netflix-ի հիմնական մրցակիցներից է համարվում Amazon-ը, որը բացի տարբեր ապրանքների վաճառքից, առաջարկում է օնլայն սթրիմինգի ծառայություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս