«Արմքոմեդիի» Նարեկ Մարգարյանն ամանորյա Գալկինին 3D ակնոցներով է դիտել
2016 թիվն արդեն լիիրավ իր «կապկային» դիրքերում է: Տոները ոչ վաղ անցյալում են, իսկ համացանցը դեռ շարունակում է դրական տրամադրություն հաղորդել՝ շնորհիվ ամանորյա հրաշքով լի լուսանկարների, որոնցով այս օրերին սոցիալական ցանցերում կիսվում են մարդիկ: Բնականաբար, շատերի համար առավել հետաքրքրական է հետևել ճանաչված հեռուստադեմքերի տոնական «առօրյային»:
«Արմքոմեդի» հաղորդման համահեղինակ և վարող Նարեկ Մարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց անցյալ տարվա կարևոր իրադարձությունների, Ամանորը 3D ակնոցներով և բլինչիկ համտեսելով դիմավորելու ավանդույթի մասին: Մեզ հետ զրույցում Նարեկն ամենայն լրջությամբ նշեց, որ անցյալ տարվա գլխավոր իրադարձությունների շարքին է դասում իրենց բնակելի շենքի ջրի «նապոռի» կարգավորման հարցը:
«Տարիներ շարունակ շենքի, նույնիսկ՝ երրորդ հարկում, ջուրը շատ թույլ էր գալիս, իսկ ջրմուղի օպերատորները համառորեն հրաժարվում էին որևէ բան ձեռնարկել, այդ պատճառով այս տարվա փոփոխությունը շրջադարձային էր մեր ընտանիքի կյանքում»,- ասում է նա:
Հարցին, թե անցալ տարվա ընթացքում տեղի ունեցած ո՞ր իրադարձության կրկնությունը չէր ցանկանա տեսնել, Նարեկը պատասխանեց. «Ոչ մեկին չէի ցանկանա՝ գնալ Սայաթ-Նովա փողոց ու կայանելու տեղ չգտնել: Բայց հենց այդ դեպքը ինձ հետ պատահեց անցյալ տարի, մարտի 12-ին, ժամը 14:00-ի սահմաններում: Հենց հիմա աչքիս առաջ է այդ օրը` ինձ պետք էր մտնել խանութ, բայց կայանելու ոչ մի տեղ չկար, ստիպված մեքենայով 2 անգամ պտտվեցի Նալբանդյան, այնուհետև՝ Թումանյան փողոցներով` մինչև կայանելու գտա տեղ: Սարսափելի էր ուղղակի»:
Հարցին՝ հիշո՞ւմ է այն օրը, երբ իր կյանքում մի օր վերացավ հրաշքը, երբ պարզվեց, որ Ձմեռ պապն իրականում հայրիկն ու մայրիկն են, և, որ նրա նամակներն ամենևին էլ տանից դուրս չէին եկել և ոչ մի տեղ էլ չեն ուղարկվել, Նարեկը «խորը զարմանք» ապրեց. «Հը՞, մի րոպե… Հիմա ի՞նչ եք փորձում ասել… Այսքան ժամանակ պապան ա եղե՞լ Ձմեռ պապը: Բայց լավ հիշում եմ, որ…Այդ ամենը սո՞ւտ էր»:
Փորձելով «սթափեցնել» Նարեկին մանկության անցյալի հետ կապված հուզմունքից, մենք նրան իրականություն վերադարձնող հարց տվեցինք: Այն է՝ առնվազն որքա՞ն գումար է ծախսում Ամանորը նշելու համար: «Առվազն 32.644 դրամ և ոչ մի լումա պակաս»,- անկեղծացավ Նարեկն իր «ճոխ» ծախսերի վերաբերյալ:
Եվ ի՞նչ Ամանոր՝ առանց ավանդական բդի և հեռուստացույց դիտելու սովորության: Այս հարցի շուրջ Նարեկն իր ուրույն տեսանկյունն ունի. «Առանց բուդ՝ չկա Ամանոր, հետևաբար՝ միայն շատ տխուր հանգամանքների ներքո կվերանա բուդը, դրա համար կենտրոնանք դրական բաների վրա: Մեր սեղանի գլխավոր զարդը կնոջս պատրաստած ուտեստներն են, որ շատ համեղ են և օրիգինալ: Ճիշտ է, կարող է թվալ, թե սեղանի հեռուստացույցը մի փոքր խանգարում է ամանորյա ընթրիքին, բայց այդպես առավել ներգրավված ես քեզ զգում ամանորյա հաղորդումներին: Կարծես 3D ակնոցներով Մաքսիմ Գալկինի հետ բլինչիկ ուտես: Բոլորին խորհուրդ եմ տալիս»: