
ԴԱԻՇ-ի զինյալը մահապատժի է ենթարկել սեփական մորը հավատուրացության համար

Սիրիայի Ռաքքա քաղաքում ԴԱԻՇ-ի զինյալներից մեկը հրապարակավ մահապատժի է ենթարկել իր մորը հավատուրացության համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի իրավապաշտպան կազմակերպություններին:
Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա ահաբեկիչ Ալի Սաքրը սպանել է իր մորը՝ Լեենու ալ-Կասիմին հարյուրավոր մարդկանց աչքի առաջ: Նրան հավատուրացության մեջ մեղադրել են ԴԱԻՇ-ի տեղի ղեկավարներն այն բանից հետո, երբ որդին անձամբ է հանձնել մորը նրանց դատին:
Հաղորդվում է, որ կինը եղել է սիրիական իրավապաշտպան կազմակերպության անդամ ու խնդրել է որդուն իր հետ հեռանալ ԴԱԻՇ-ին ենթակա տարածքներից ու թողնել խմբավորումը, սակայն որդու համար ԴԱԻՇ-ը մորից ավելի թանկ է եղել: