Օճառի փոխարեն յուղոտ մազերի խնամքի համար կարող եք չոր մանանեխ օգտագործել
Մազերը խնամելու համար սկզբում անհրաժեշտ է որոշել, թե ինչ տիպի մազեր ունեք։ Եթե շաբաթական 1-2 անգամ մազերը լվանալով դրանք մաքուր են երեւում, ուրեմն` նորմալ տիպի մազեր են։ Եթե մազերը յուղոտվում են լվանալուց 1-2 օր հետո, ապա դուք ունեք յուղոտ մազեր։ Եթե մազերը չոր են, անփայլ եւ անկենդան, ապա դա մազերի չոր տիպն է։
Նորմալ տիպի մազեր
Նույնիսկ եթե մազերն առանձնապես գլխացավանք չեն պատճառում, միեւնույն է, նրանք խնամքի կարիք ունեն` առողջ վիճակը եւ արտաքին տեսքը պահպանելու համար։ Նորմալ մազերը խնամելու համար անհրաժեշտ է կիրառել սնուցող դիմակ. սխտորի մանրացրած 3-4 պճեղ խառնել կես բաժակ կաթի եւ երկու ճաշի գդալի մեղրի հետ։ Խյուսը քսում եք մազերի եւ գլխի մաշկի վրա, գլխարկ եք հագնում եւ փաթաթում սրբիչով։ Կես ժամ անց լվացեք մազերը։
Վերջին անգամ ցայելով մազերը` նորմալ մազերի համար օգտակար է փափուկ ջրի օգտագործումը (կես թեյի գդալ սոդա 1 լ ջրին)։
Յուղոտ մազեր
Յուղոտ մազերը տարբերվում են փայլով։ Լվանալուց 1-2 օր հետո փնթի տեսք են ունենում։ Շատերը սխալ են գործում հաճախակի մազերը լվանալով։ Նմանատիպ մազերը հաճախակի լվանալով փչացնում եք որակը, քանի որ յուղարտադրությունը միայն ավելանում է։ Լվանալուց առաջ յուղոտ մազերին մածուն, կաթնային շիճուկ կամ թթված կաթ են քսում, հագնում են գլխարկ եւ փաթաթում սրբիչով 15-20 րոպե։ Օճառի փոխարեն յուղոտ մազերի խնամքի համար կարող եք չոր մանանեխ օգտագործել (1 ճաշի գդալ չոր մանանեխը 2 լ ջրին)։
Կես բաժակ մածունը կամ կաթնային շիճուկը խառնել սխտորի 5-6 մանրացրած պճեղի հետ եւ քսել մազերին, 25 րոպե պահել։ Այնուհետեւ լվանալ մազերը շամպունով։ Այս դիմակն անհրաժեշտ է կանոնավոր օգտագործել, 2-3 ամսվա ընթացքում, շաբաթական 1 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը