Տոնական առողջաբեր գեղարարություն

Մաշկի խնամք 

Ճարպոտ մաշկի խնամք 

– Հարեք 1 ձվի սպիտակուցը 2 ճ/գ քերած գազարի հետ, ավելացրեք 1 ճ/գ կարտոֆիլի օսլա։ Պահեք դեմքին 15 րոպե, լվացեք դեմքը սառը ջրով։ 

– Խառնեք 1 ճ/գ արոսենու պտուղները 2 ճ/գ մածունի եւ 1 ճ/գ կիտրոնահյութի հետ։ Պահեք դեմքին 15 րոպե, լվացեք գոլ ջրով։

Կորյակներ, պզուկներ. Թրջեք եփուկի մեջ թանզիֆե թաշկինակը, դրեք դեմքին։ 

Պատրաստման ձեւը. 1 ճ/գ չորացրած կեչու բողբոջը եփեք 200 մլ եռջրով` ինչպես թեյը, թրմեք 1 ժամ, քամեք։ (Եփուկով կարող եք կատարել ողողումներ պարոդոնտոզի դեպքում)։

Մաշկի լայնացած մազանոթներ

Թուրմ. 

– 1 ճ/գ դաղձը թրմեք 30 րոպե 200 մլ եռջրում։ Քամեք, (թուրմի ջերմաստիճանը պետք է լինի 15-18C-ից ոչ բարձր), քառատակ ծալած թանզիֆե թաշկինակը թրջեք թուրմի մեջ, թեթեւակի մզեք, տեղադրեք մաքուր դեմքին։ 

– Խառնեք հավասար քանակությամբ եղեսպակի եւ արնիկայի (Arnica montana) խոտերը։ Եփեք 1 ճ/գ հումքը 200 մլ եռջրում, թրմեք 30 րոպե, քամեք։ Դեմքին քսեք արեւածաղկի եւ գերչակի յուղերի խառնուրդ (1։1), 10 րոպեից մաքրեք թուրմի մեջ թրջած բամբակե խծուծով։

Լոսյոն. Խառնեք հարած դեղնուց, 40 մլ օղի, 2 ճ/գ կիտրոնի հյութ։ Պահեք սառնարանում։

Զգուշացում։ Դեմքի լայնացած մազանոթների դեպքում հակացուցված են գոլորշիով լոգանքներ, տաք թրջոցներ։ 

Չոր մաշկի խնամք 

– Հարեք 1 ձվի դեղնուց, ավելացրեք 1 ճ/գ մայոնեզ, կես թ/գ բուսայուղ։ Բարակ շերտերով քսեք դեմքին, 5-10 րոպեից ցայեք գոլ կիտրոնաջրով (լուծեք կես թ/գ կիտրոնի հյութ 200 մլ ջրում)։

– Խառնեք 1 ճ/գ հալած կարագը 1 թ/գ արոսենու հյութին։ Քսեք դեմքին, 20 րոպե անց լվացեք լորենու թուրմով։

– Խառնեք 1-ական ճ/գ կեչու հյութ, ձիթապտղի յուղ, 1 թ/գ մեղր։ Պահեք դեմքին 15 րոպե, լվացեք տաք ջրով։ Օգտակար է չոր, թառամող մաշկին։

– Թրջեք թանզիֆե թաշկինակը կեչու հյութի մեջ, դրեք դեմքին, կրկնեք 2-3 անգամ։ 

Լոսյոն 

Չոր, լայնացած մազանոթներով մաշկ. 

– Խառնեք ապակե տարայի մեջ 1-ական ճ/գ չորացրած վարդի թերթիկներ, եղեսպակ, հալվե, եզան լեզու, ավելացրեք 200 մլ եռջուր։ Պահեք 2-3 ժամ մութ տեղում, կափարիչով ամուր փակեք։ Ավելացրեք 20 մլ կիտրոնի հյութ, քամեք։ Լոսյոնը պահեք սառնարանում։

– Խառնեք 100 մլ կեչու հյութ, 20 մլ օղի, 15 մլ բժշկական գլիցերին։ Լուծույթով շփեք դեմքը առավոտյան եւ երեկոյան։

Մազերի խնամք 

Մազերի աճ. 

– Խառնեք 1-ական թ/գ հալվեի եւ սխտորի հյութերը, ավելացրեք հարած ձվի դեղնուց։ Գլուխը լվանալուց 30 րոպե առաջ քսեք մազարմատներին, հագեք պոլիէթիլենային գլխարկ, փաթաթեք սրբիչով։ Ցայեք հետեւյալ թուրմով. Խառնեք 3-ական ճ/գ ձիաձետ դաշտայինի եւ եղինջի տերեւների խոտերը, ավելացրեք 1 լ եռջուր, թրմեք 30 րոպե, քամեք։ 

– Խառնեք 1 թ/գ կիտրոնի հյութը հարած 2 ձվի դեղնուցին (եթե մազերը երկար են` կրկնապատկեք)։ Շրջանաձեւ շարժումներով քսեք խոնավ, մաքուր մազերին։ Պահեք 5 րոպե, լվացեք մազերը տաք ջրով։

Մազարմատներն ամրացնող.

– Խառնեք կոնյակ, սոխի հյութ, կռատուկի փոշիացրած արմատ (1։1։6)։ Շփեք գլխամաշկը շաբաթը 1 անգամ։

– Խառնեք վաղենակի, սոճու բողբոջներ, երիցուկի ծաղիկներ, եղինջի տերեւներ (1։1։2։2)։ Հումքի 4 ճ/գ-ն խառնեք 1 լ ջրին, եփեք մարմանդ կրակի վրա, հասցրեք եռման աստիճանի եւ թրմեք 1 ժամ։ Շաբաթը 2 անգամ լվացեք մազերը։ 

– Խառնեք գայլուկի կոները եւ կռատուկի արմատը (3։4)։ Հումքի 6 ճ/գ-ն 1 լ ջրով եփեք վերը նշված ձեւով։

Եղունգների խնամք 

Կոտրվող եղունգներ 

– 2 ճ/գ մանրացրած եզան լեզվի խոտը 1 ժամ թրմեք 70 մլ եռջրում, քամեք, թուրմի մեջ կաթեցրեք 3 կաթիլ յոդ, պահեք եղունգները լուծույթի մեջ, չորացրեք, քսեք սնուցող քսուք։

– 1 թ/գ մանրացրած ծիծեռնախոտը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք, ավելացրեք 1 թ/գ ծովային աղ։ Պահեք եղունգները 10 րոպե, չորացրեք։ Քսեք սնուցող քսուք։ 

– Գոլացրած զեյթունի յուղը շաբաթը 1 անգամ քսեք եղունգներին։ Հագեք բամբակե ձեռնոցներ։ 

Բարեկազմության համար. Խառնեք 20-ական գրամ փոշիացրած կեչու բողբոջ, սրոհունդի, անթառամի եւ երիցուկ դեղատնայինի ծաղիկները։ Հումքի 1 ճ/գ-ն եփեք 400 մլ եռջրում, թրմեք 15 րոպե։ Բաժանեք 2 մասի, խմեք առավոտյան` մինչեւ նախաճաշելը եւ երեկոյան` մինչեւ քնելը։ Շարունակեք 1 ամիս։

2012թ., մարտ 10,
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս