«Ղարաբաղյան հակամարտության ընթացքը 2016թ. կախված է լինելու միայն Հայաստանից և Ադրբեջանից». գերմանացի քաղաքագետ

«2015-ը դրամատիկ տարի էր աշխարհի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը՝ ամփոփելով անցած տարին ԼՂ հակամարտության գոտում: Նա նշեց, որ 2015-ը բավականին դրամատիկ էր ոչ միայն ԼՂ հակամարտության գոտում իրադարձությունների զարգացման, այլև միջազգային հարաբերություններում առաջացած նոր ճգնաժամերի, մերձավորարևելյան, ուկրաինական իրադարձությունների տեսանկյունից:

Ըստ նրա` տարեցտարի աշխարհը նորանոր մարտահրավերների առջև է կանգնում: «Երբ աշխարհի տարբեր կետերում զուգահեռաբար տարբեր անկայուն զարգացումներ են սկսվում, գերտերությունները չեն հասցնում լուծել իրենց տարաձայնությունները մեկ հակամարտությունում, և այլ խնդրահարույց գոտիներում նոր հակամարտություններ են ի հայտ գալիս, որոնք էլ ավելի են բարդացնում իրավիճակը և տարաձայնությունների օղակը: Հուսով եմ, որ այս տարի կհաջողվի նեղացնել այդ օղակը, ինչը գուցե դրականորեն անդրադառնա նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Երբ հարևանությամբ անկայունություն է, հակամարտության կողմերը կարծում են, որ կարող են կարգավորել հակամարտությունը՝ ի օգուտ իրենց, քանի որ միջնորդները զբաղված են և կենտրոնացած չեն ավելի լոկալ հակամարտությունների վրա, ինչպիսին Ղարաբաղյանն է»,- ասաց Հալբախը: Նա նշեց, որ դրական է` համանախագահ երկրները և հակամարտող կողմերը, դատելով վերջին հաղորդագրություններից և հարցազրույցներից, ընթանում են Կազանի առաջարկների ուղիով: «Սա ես դրական եմ գնահատում: Կազանի հանդիպումից հետո էլ կարծում էի, որ դա կարգավորման հնարավորություն էր, ներկայումս ևս կարծում եմ՝ եթե կողմերը ցանկանան, կա կարգավորման փոխընդունելի սցենար»:

Սակայն, ինչպես երևում է, չնայած միջնորդների կամքին, հակամարտության կողմերն իրենք հետաքրքրված չեն հակամարտության կարգավորման այն սցենարով, ինչն առաջարկվում է: «Սրանից կարելի է ենթադրել, որ, ցավոք սրտի, 2016-ին սահմանային միջադեպերը շարունակվելու են, միջնորդները շարունակելու են կողմերի համար հանդիպումներ պատրաստել և թույլ չտալ լայնածավալ պատերազմ: Մնացածը կախված է Հայաստանից և Ադրբեջանից»,- ասաց Հալբախը:

Տեսանյութեր

Լրահոս