Բաժիններ՝

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Տարվա ավանդական, սովորական ամփոփումները հիմնականում սահմանափակվում են տարբեր ցուցանիշների համադրությամբ, տարվա ընթացքում տեղի ունեցած դրական ու բացասական իրադարձությունների շարադրմամբ: Այդ ամփոփումների, գնահատականների մեջ, սակայն, բացակայում է ամենակարևորը՝ մարդը, քաղաքացին, որին, որի կյանքի բարելավմանը պետք է ուղղված լինի պետության, հանրային-քաղաքական ինստիտուտների գործունեությունը:

Եվ երբ այդ տեսանկյունից ենք փորձում ամփոփել 2015 թվականը, ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի քաղաքացու, առանձին վերցրած քաղաքացու, մարդու համար այն, մեղմ ասած, դրական, բարեբեր տարի չէր: Ու դրա ամենաարտահայտիչ վկայությունը շարունակվող արտագաղթն է, որը դարձել է Հայաստանը ներսից քայքայող ամենասպառնալից երևույթը: Այո, սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարացել է ու շարունակում է վատթարանալ: Սակայն արտագաղթը պայմանավորել միայն սոցիալական գործոններով, կնշանակի՝ կույր լինել ու չտեսնել, որ մարդիկ Հայաստանից հեռանում են, իսկ որ ավելի վատ է՝ շատերը, չկարողանալով հեռանալ, մտածում են Հայաստանից հեռանալու մասին՝ անարդարության, արդարադատության բացակայության, արտոնյալների դասի առկայության… պատճառով:

Որովհետև Հայաստանից հեռանում են ոչ միայն՝ անապահովները, այլև՝ չափազանց ապահովված քաղաքացիները: Եվ ուրեմն, տարվա ամփոփումներում պարտավոր ենք արձանագրել, որ ամենատարբեր ոլորտներում «արձանագրված դրական տեղաշարժերի, առաջընթացի» ֆոնին, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ՝ 2015 թվականին, մենք կորցրել ենք ամենակարևորը՝ մարդուն, քաղաքացուն: Եվ դա արձանագրելով, նաև մաղթենք մեզ բոլորիս, որպեսզի 2016 թվականը դառնա մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու տարի:

Մաղթենք ու ցանկանանք, որպեսզի հաջորդ տարի պետությունը գոնե մի փոքր մոտենա քաղաքացուն, որպեսզի քաղաքացին չմտածի պետությունից հեռանալու մասին: Արժևորենք ու գնահատենք մարդուն, քաղաքացուն, որպեսզի քաղաքացին կարողանա, կարողանալուց առաջ՝ նախ ցանկանա տեր կանգնել սեփական երկրին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս