Սնուցող և դեմքի բշտիկները վերացնող դիմակներ

Դիմակներից օգտվում ենք դեմքի մաշկն ավելի լավ մաքրելու նպատակով: Սակայն մեր օրերում դիմակները կարող են ունենալ նաև այլ ազդեցություններ: Կան դիմակներ, որոնք տոնուսավորում են մաշկը, սնուցում, կամ կենսունակություն են հաղորդում նրան: Սակայն տան պայմաններում պատրաստված դիմակներից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ: Դրանք, ամեն դեպքում, վնասակար չեն և կարող են տվյալ պահին ունենալ կարճատև ազդեցություն:

– Մրգերը և թարմ կանաչեղենն ունեն ձգող և ստիմուլացնող հատկություն: Ընդհանրապես միրգը քերում են և շղարշի (թանզիֆի) մեջ փաթաթած՝ դնում են մաշկի վրա: Մեղրով դիմակները տոնուսավորում, ձգում, հականեխում են մաշկը:

– Ձվի սպիտակուցով դիմակները ձգող են և մաքրում են մաշկը, մանգոն սնուցում է, իսկ բանանը փափկեցնում է մաշկը: Բանանը հարմար է զգայուն մաշկերի համար:

– Եթե օգտվում եք չորացող դիմակներից և ունեք զգայուն մաշկ, ապա մի թողեք, որ դիմակը լրիվ չորանա մաշկի վրա, ավելի շուտ մաքրեք այն, որպեսզի մաշկը չգրգռվի:

– Կիտրոնը և թուրինջը բարձր թթվայնություն ունեն, հետևաբար նախընտրելի է դիմակների մեջ շատ չօգտվել դրանցից՝ մաշկը վառելուց խուսափելու համար:

Վարունգի դիմակ

1-2 վարունգ քերեք և, օգտվելով շղարշից, 15 րոպե այն դրեք ձեր դեմքին: Այնուհետև դիմակը լվացեք սովորական ջրով կամ վարդաջրով: Վարունգի դիմակը թարմացնում և փափկեցնում է մաշկը:

Արքայախնձորի դիմակ

Արքայախնձորը հետաքրքիր ազդեցություն է ունենում հասունացման շրջանի պզուկների (ակնե) վրա: Այն պատրաստելու համար հասած մի արքայախնձոր կեղևեք և լցրեք խառնող սարքի մեջ: Ստացված թանձր խառնուրդին ավելացրեք նույն կշռով մրգային սպիրտ և 1 բաժակ արևածաղկի ձեթ: Այժմ կարող եք ամեն օր 20 րոպեով դեմքի վրա դնել այս դիմակը, ապա լվացվել սառը ջրով:

Նարնջի դիմակ

Մաքրեք նարինջը՝ հեռացնելով նաև բարակ կեղեւներն ու կորիզները: Սառը ջրով լվացեք ձեր դեմքը և օգտվեք պատրաստված նարնջից, որպես դիմակ, որն օգնում է պայքարել պզուկների դեմ: Խուսափեք այսպիսի դիմակներից, եթե ձեր մաշկը չոր և զգայուն է:

Վիկի ՕԴԵ

Տեսանյութեր

Լրահոս