Նոր տարվա գիշերը առատ ձյուն կգա, իսկ հունվարի 3-ից ջերմաստիճանը կնվազի 16-18 աստիճանով
ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վաղվանից Կովկասի տարածքում (և ոչ միայն) եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ են կանխատեսվում.
«Միջերկրական ծովում ձևավորվում է բավականին հզոր ցիկլոն, որի առաջացման պատճառը միջերկրական ծով ներթափանցող արկտիկական ցուրտ օդային հոսանքներն են, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի եվրոպական հատվածում և մեր տարածք կտեղաշարժվի վաղը՝ օրվա երկրորդ կեսից:
Վաղը ցերեկն արդեն հանրապետության ողջ տարածքը կգտնվի դրա ամպամածության գոտում և առանձին հատվածներում կսկսվի ձյուն: Տեղումների սկիզբն ինտենսիվ չի լինի: Ցիկլոնը հզորանալու է դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին:
Այսինքն՝ վաղը ուշ երեկոյան ժամը 22:00-23:00-ի միջակայքում պրոցեսը կակտիվանա ու երկրի ողջ տարածքում կտեղա ձյուն: Ձյունը կշարունակվի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, հունվարի 2-ին և միայն հունվարի 2-ի օրվա երկրորդ կեսից տեղումներն աստիճանաբար կդադարեն»:
Նա նշեց, որ ցիկլոնի ամենապիկ ժամանակահատվածը լինելու է Նոր տարվա գիշերը. «Դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ի անցման ժամանակ առատ ձյուն կտեղա: Շրջանների մեծ մասում և հատկապես՝ լեռնային շրջաններում ցիկլոնի անցումը կուղեկցվի ուժեղ քամիներով, բքով, տեսանելիության անկմամբ, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Վաղը ցերեկվանից օդի ջերմաստիճանն սկսելու է աստիճանաբար նվազել, մինչև հունվարի 1-ը նվազելու է հիմնականում ցերեկային ջերմաստիճանը, գիշերային ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի:
Եթե, օրինակ, այսօր մայրաքաղաքում սպասում ենք 6-7 աստիճան տաքություն, ապա, արդեն, դեկտեմբերի 31-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -1-ից +1, այսինքն՝ 0 աստիճանի միջակայքում: Բայց արկտիկական օդի լուրջ ներհոսքը սկսվելու է հունվարի 2-ի ցերեկվանից, և հունվարի 2-3-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի մոտավորապես 16-18 աստիճանով»:
Նա ընդգծեց՝ ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է հունվարի 3-ի գիշերը, երբ կդիտվի եղանակի պարզեցում և արկտիկական ցիկլոնը կներխուժի մեր հանրապետության տարածք.
«Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային գոտիներում և Վայոց Ձորի լեռնային գոտիներում գիշերը կանխատեսվում է -25-ից -27 աստիճան ցուրտ: Արարատյան դաշտում՝ գիշերը -15-ից -20 աստիճան ցուրտ, և Երևանում՝ հունվարի 3-ի գիշերը կանխատեսվում է -15-ից -16 աստիճան ցուրտ: Բավականին ցուրտ կլինեն նաև ցերեկները: Օրինակ՝ հունվարի 3-ի ցերեկը Երևանում կանխատեսվում է -5-ից -7 աստիճան ցուրտ»:
Նա նշեց, որ սառնամանիքների նվազեցման վերաբերյալ ստույգ կանխատեսումներ չի կարող անել, քանի որ իրենք ստույգ կանխատեսումներ անում են 5 օրվա համար. «Ջերմաստիճանն, իհարկե, կբարձրանա, բայց թե որ օրվանից կլինի բարձրացումը, այս պահին ստույգ չեմ կարող ասել»: