
Կառավարությունում քննարկվել են գերատեսչությունների 2016 թ. գերակա ծրագրերն ու առաջնահերթությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում 2016 թվականի ընթացքում նախատեսվող գերակա ծրագրերն ու գործունեության առաջնահերթությունները: Վարչապետը նշել է, որ այսօրվա խորհրդակցության նպատակն է հստակեցնել գերակա ծրագրերի շուրջ մոտեցումները, ներկայացնել մտահոգություններն ու վեր հանել թերությունները: Այնուհետև հանգամանալից քննարկվել են բոլոր ծրագրերը, միջոցառումները և նախագծերը, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Վարչապետը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա սեղմ ժամկետներում լրամշակել գերատեսչությունների գերակա ծրագրերն ու ներկայացնել կառավարության հաստատմանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ 2016 թվականին ևս, կառավարությանը սպասվում է ծանրաբեռնված աշխատանքային գործունեություն: Հովիկ Աբրահամյանը կարևորել է գերատեսչություններում աշխատանքային արդյունավետության, կարգապահության, ֆինանսական թափանցիկության բարձրացումը և ընդգծել, որ այդ հարցերի առնչությամբ լինելու է առավելագույնս հետևողական ու պահանջատեր, քանի որ այդ խնդիրներն իր համար գերակայություն են: Հովիկ Աբրահամյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է հասարակության հետ աշխատանքը կազմակերպել առավելագույնս բաց, թափանցիկ և արդյունավետ: