«Նախորդ անգամ էլ ոչ ոք տնից դուրս գալուց առաջ չէր մտածել, որ գնում է զոհվելու կամ վիրավորվելու». Նորիկ Սարգսյան
Ամանորի կապակցությամբ կազմակերպչական աշխատանքները ՃՈ կողմից, արդեն իսկ 3-4 օր է՝ սկսվել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հաղորդեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը. «Դեկտեմբերի 22-ից հատուկ աշխատանքային գրաֆիկներ են պատրաստվել, անցել ենք ուժեղացված ռեժիմով ծառայության և ՃՈ բոլոր ուժերն ու միջոցները հատկապես՝ մայրաքաղաքում, կենտրոնացվել են շուկաների և առևտրի մյուս կետերի հարակից փողոցներում ու խաչմերուկներում՝ երթևեկությունը կարգավորելու համար, ինչը մեր կողմից կշարունակվի նաև տոնական օրերին:
Արվելու է ամեն ինչ մեր քաղաքացիների տոնական տրամադրությունը պատահարներով ու խցանումներով չփչացնելու համար: Ուժեղացված ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվելու ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների նկատմամբ, առաջին իսկ ճանապարհային ոստիկանին հանդիպելուց հետո ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ղեկից հեռացվելու է, ուղևորներին մեր ուժերով տեղափոխելու ենք իրենց բնակության վայր, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է ՃՈ հատուկ պահպանվող տարածք»:
Ըստ նրա՝ ավելի լավ է տոնական օրը խաթարվի ՃՈ կողմից կազմված արձանագրությունով, քան ճանապարհատրանսպորտային պատահարներով:
Նա նշեց, որ 2015թ. հունվարի 1-10-ը հանրապետությունում գրանցվել է 87 ճանապարհատրանսպորտային պատահար է, որի հետևանքով զոհվել է՝ 6, վիրավորվել՝ 128 մարդ. «Նախորդ անգամ էլ ոչ ոք տանից դուրս գալուց առաջ չէր մտածել, որ գնում է զոհվելու կամ վիրավորվելու: Բոլորն էլ մտածել են՝ ոչինչ, քիչ ալկոհոլ օգտագործելուց հետո իրենք սթափ վիճակում են, շատ լավ են վարում, բայց հանկարծ իրենց հետ դժբախտ պատահար է տեղի ունենում: Բոլորս պետք է գիտակցենք, որ որևէ մեկն ապահովված չէ ճանապարհատրանսպորտային պատահարի ենթարկվելուց»: