
Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է, թե ինչ նկատի ուներ՝ ասելով «պատերազմ է»

Ինչպես հայտնի է՝ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե այլևս պետք չէ օգտագործել «հրադադարի խախտում» տերմինը, քանի որ սա պատերազմ է: Այս հայտարարությանը հաջորդեցին տարբեր մեղադրանքներ: Aysor.am-ի հետ զրույցում Ա. Հովհաննիսյանը պարզաբանել է, ինչ է իրականում ցանկացել ասել. «Դեռ տարվա սկզբին ու 2014թ.-ի կեսերից մենք առիթ ունեցանք որոշակի մասնագիտական գնահատական տալ այս ամեն ինչին և բազմիցս նշվեց՝ իրավիճակը շատ մոտ է պատերազմականին, բայց ոչ լայնամասշտաբ պատերազմին»:
«Իհարկե, խոսքը չի գնում լայնամասշտաբ, հայտարարված, այսպես ասած պաշտոնական պատերազմի իրավական բնույթի մասին: Դեռ մեկ օր առաջ Պաշտպանության բանակի հրամանատաը հայտարարեց, որ Ադրբեջանը իրավիճակը պատերազմականին շատ է մոտեցնում, դրանից ավելի վաղ՝ Ազգային ժողովում, պաշտպանության նախարարը հայտարարեց, որ նույնը՝ Ադրբեջանը տանում է դեպի դրան, մեր լրատվական դաշտում ևս բազմիցս այդ մասին խոսվել է: Ես դեռ այս տարվա ընթացքում մի քանի անգամ ասացի՝ իրավիճակը շատ նման է հիբրիդային պատերազմին: Ու, ընդհանուր առմամբ, այսօր քաղաքագիտական համաշխարհային միտումները նման իրավիճակին միշտ տալիս են այսպիսի բնորոշումներ: Շատ ու շատ մասնագետներ փաստում են՝ իրավական, այսպես ասած, լայնամասշտաբ, կոնվենցիոնալ պատերազմներից դուրս կա նաև այսպիսի պատերազմ հասկացություն, որը նաև լրատվամիջոցներն են հաճախ տարբեր կերպ անվանում՝ տեղեկատվական պատերազմ և այլն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրկնում եմ՝ պատերազմ տերմինն ասելիս՝ խոսքը իրավիճակի բնույթի մասին էր, ոչ թե իրավական ակտի ու իրավական որակման: Եթե ուշադիր հետևեք իմ տեսանյութին՝ ես ասում եմ չկա մասնագետ, որ չի բնորոշում այսպես: Դրան գումարած մենք խոսում էինք լրատվամիջոցների լսարանի հետ ու նրանց կոչ էինք անում տերմինների փոփոխության խնդիր առաջ քաշել: Այսինքն՝ իմ ասածի ամենակարևոր մեխն այն էր, որ չունենք հրադադար, հրադադար տերմինը չկիրառվի: Նույն տեսանյութում շարունակում եմ ասել, որ կարող եք կիրառել օրինակ՝ «մարտական գործողություն» տերմինը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: