Ինչու է ձուն թանկացել

Նախատոնական շրջանում շուկայում ուսումնասիրություններ կատարվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ իրենց գերատեսչությունը, ինչպես նաև ամբողջ աշխարհում մրցակցության պաշտպանության մարմինները՝ գների կարգավորմամբ, վերահսկմամբ չեն զբաղվում.

«Այնուհանդերձ գնագոյացման խնդիրները գտնվում են մեր տեսադաշտում այնքանով, որքանով մեր տեսադաշտում են գտնվում այն շուկաները, որտեղ կան խոշոր ընկերություններ, գերիշխող դիրք զբաղեցնողներ և որպեսզի պահանջարկի աշխուժացման այնպես չստացվի, որ խոշոր ընկերություններն առիթից օգտվեն և հակամրցակցային գործողությունների արդյունքում գնային չարաշահման երևույթներ իրականացնեն, այդ իսկ պատճառով սովորաբար ամեն տարի, այս տարի ևս Ամանորի նախաշեմին ուժեղացված հսկողություն ենք իրականացնում հակապես այն շուկաներում, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները, գերիշխող դիրք զբաղեցնողները և հատկապես այն շուկաներում, որոնք սոցիալական նշանակություն ունեն:

Գրեթե ամենորյա կտրվածքով մեր աշխատակիցները դիտանցումներ են իրականացնում մի քանի խոշոր սուպերմարկետներում, որոնք ևս համարվում են գերիշխող դիրք զբաղեցնողներ:

Բացի այդ ՝մենք երկօրյա կտրվածքով տեղեկատվություն ենք ստանում խոշոր ընկերություններից նրանց գնային քաղաքականության, նրանց կողմից կատարվող ծախսերի վերաբերյալ և այդ ամենը համադրում ենք դիտանցման արդյունքների հետ, որպեսզի պարզենք գնային չարաշահման երևույթներ կա՞ն, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ որևէ խնդիրներ չկան հայտնաբերված, իսկ մնացած ուսումնասիրություններն ընթացքի մեջ են»:

Լրագրողի դիտարկմանը, որ երկու օր առաջ ձուն 60 դրամ էր, իսկ այսօր՝ արդեն 65 դրամ է, Արտակ Շաբոյանն արձագանքեց, որ գնային փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ դրանք տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների հետևանք են, գների վրա ազդում են բազմաթիվ գործոնները:

Տեսանյութեր

Լրահոս