Մերկելը բրիտանական հատուկ ծառայություններին Պուտինի մասին տեղեկություն է փոխանցել. ԶԼՄ-ներ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2015 թվականի հոկտեմբերին հանդիպել է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ բրիտանական հետախուզությունը կանցլերին է փոխանցել տեղեկություն ԴԱԻՇ-ի մասին, իսկ դրա դիմաց Մերկելը տեղեկություններ է հաղորդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայում ու Ղրիմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Մերկելին պատմել են այն մասին, թե ինչ սպառնալիք են ներկայացնում Եվրոպայի համար ԴԱԻՇ-ն ու ահաբեկչական մյուս կազմակերպությունները ու նրան տեղեկություններ հայտնել Սիրիայում ու Իրաքում կռվող օտարերկրացիների մասին:
Տեղեկությունը, ինչպես գրում է պարբերականը, օգտակար է եղել կանցլերի համար:
Հանդիպումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի նստավայրում: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության (МI6) ղեկավար Ալեքս Յանգերը, հակահետախուզության ծառայության ղեկավար (МI5) Էնդրյու Փարքերն ու կառավարական կապի բրիտանական կենտրոնի տնօրեն Ռոբերթ Հաննիգանը: