
Կանխվել է 1.5 կգ ոսկու մաքսանենգության փորձ

Ֆինանսների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Հ.Խ.-ին պատկանող բեռը, ով միջնորդ կազմակերպության միջոցով Թուրքիայից Հայաստան հագուստ էր տեղափոխել:
Զննման արդյունքում քաղաքացուն պատկանող ավելի քան 100կգ քաշով հագուստի պարկերի մեջ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1529 գրամ: Ընթացիկ տարում մյուս խոշոր բացահայտումներն առնչվել են թմրանյութերի մաքսանենգ տարանցմանը:
Ստանալով օպերատիվ տեղեկություններ՝ վարչության աշխատակիցները կինոլոգիական ծառայության շների միջոցով մանրակրկիտ զննման են ենթարկել փոստային բաժանմունքով արտահանման ենթակա ծանրոցը՝ հայտնաբերելով խնամքով թաքցված ավելի քան 3կգ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ աշխատանքի շնորհիվ հաջողվել էր կանխել 1.5կգ «ափիոն» տեսակի թմրանյութի արտահանման փորձը:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին