«2015 թվականի ավանտյուրան սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն էր»

«Տարին սովորական էր բոլոր տարիների համեմատ, քանի որ մենք դեռ չենք ունեցել այնպիսի տարի, որ նման խնդիրներ չլինեին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը՝ ամփոփելով 2015 թվականը: Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ իշխանությունը չի փոխում իր քաղաքական գիծը, որի պատճառով մեր վիճակը չի բարելավվում:

«Տարին ավարտվում է, նույն ոճն է իրենց մոտ: Պարտք են վերցնում բյուջեի դեֆիցիտը փակելու համար, սրա նման խայտառակությունը միայն Հայաստանը կարող է իրեն թույլ տալ: Չկա տնտեսական ռազմավարական ծրագիր, այս տարվա բյուջեում ես չեմ տեսնում որևէ ռազմավարություն, որը կարող է մեզ դուրս բերել այս վիճակից»,- նշեց Ա. Սարգսյանը:

Նա այս տարվա ամենամեծ ավանտյուրան համարում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն.

«Եթե դուք չունեք ձեր ժողովրդի վստահությունը, ինչպե՞ս եք գնում հանրաքվեի, եթե այն ժամանակ փողը տներում էին բաժանում՝ մինչև հանրաքվեն, այս անգամ փողոցում էին բաժանում»:

Ասուլիսի մեկ այլ բանախոսի՝ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով էլ՝ ոչ միայն Հայաստանը, այլև Արբեջանը նույնպես չի փոխվում ու ավելի «ինտենսիվ է դառնում նրա արհամարական վերաբերմունքը միջազգային նորմերի ու օրենքների նկատմամբ»:

«Չի կարելի միշտ հույսը դնել միայն հայ զինվորի խիզախության վրա, այդ պաշարը լավ է, բայց բավարար չէ այս վիճակում: Աշխարհաքաղաքական պատկերը փոխված է, Թուրքիայի այս քայլերը Ռուսաստանի նկատամամբ ցույց է տալիս, որ այս վիճակը լրիվ փոխվել է: Անրաժեշտ է ընդգծել, որ սա նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է, ու այդ նոր մարտահրավերների առաջ Հայաստանը չունի դեռ համարժեք պատասխաններ»- նշեց Լ. Ալավերդյանը: Նա նույնպես համարում է, որ այս տարվա ավանտյուրան սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն էր.

«Ավանտյուրան հանրաքվեն էր՝ ո՛չ պահանջված էր, ո՛չ նախապատրաստված էր, ո՛չ էլ բացատրված էր, ու այսօր չկա պատկերացում, թե այսօր մենք ինչու արեցինք այդ փաստաթղթի հանրաքավեն»:

Տեսանյութեր

Լրահոս