«Պիտի նաև պատասխանատվություն կրեն այն մարդիկ, ովքեր ուշացրել են». Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց գյուղատնտեսության նախարարության գնման պայմանագրերում փոփոխության կատարման թույլտվություն տալու մասին որոշման նախագիծը: Այն ներկայացնող ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն ասաց, որ ՀՀ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներկայացնել 453 գլուխ տոհմային երինջներ. «Հաշվի առնելով, որ երինջների ներմուծումը նախատեսված է իրականացնել ձմեռային ամիսներին, ինչը ռիսկային է, առաջարկվում է ներկրումն իրականացնել 2016թ. ապրիլ-մայիս ամիսներին, ինչի համար անհրաժեշտ է երինջների գնման պայմանագրում կատարել փոփոխություններ՝ ապրանքների մատակարարման վերջնաժակետը սահմանելով մինչև 2016թ. մայիսի 30-ը»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ չեն ներկրել: Գյուղնախարարի տեղակալն էլ պատասխանեց, որ մրցույթն անցկացրել են նոյեմբերի վերջին,  դեկտեմբերին արդեն եղանակային պայմաները լավ չէին: «Ինչի՞ եք նոյեմբերի վերջին մրցույթն իրականացրել: Մայիսին ենք սահմանել մենք ժամկետը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Գյուղնախարարի տեղակալն էլ ասաց, որ այս տարի երկու անգամ են մրցույթ իրականացրել, մի անգամ՝ գարնանը, ներկրվել է 257 գլուխ: «Գրավոր բացատրություն կներկայացնեք, և պիտի նաև պատասխանատվություն կրեն այն մարդիկ, ովքեր ուշացրել են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս