«Ի՞նչ է, մամաս սաունա ուներ». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Արմավիրի բնակիչ Լիլի Մկրտչյանի ընտանիքը մոտ 500 հազար դրամի խմելու ջրի պարտք ունի։ Առանց Մկրտչյանների գիտության ու ներկայության «Նոր Ակունք» ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություն մատուցող ընկերությունը, որի սպառողն ու բաժանորդն է հանդիսանում Լիլի Մկրտչյանի մայրը, եկել, ընտանիքի ջուրը կտրել է, Լիլի Մկրտչյանի խոսքերով՝ ջրի հաշվիչը հանել ու տարել։

Արդեն քանի օր է՝ ընտանիքն անջուր նստած է։ «Առավոտի» հետ զրույցում Լիլի Մկրտչյանն ասաց, որ մայրը մահամերձ է, եղբայրն էլ զինծառայող հաշմանդամ է։ Նա նաեւ պնդում է, որ այդքան ջուր իրենք չեն սպառել, եւ որ պարտքն արհեստական է գոյացել, ջրմուղի աշխատակիցները ջրի ծախսերը ծածկելու համար իր նման բնակիչների վրա «ավելի գումարներ են գրում»։

«Երեք ամիս դուռը փակել՝ գնացել ենք։ Իրավունք չունեն ջրի հաշվիչն աոանց ձեր գիտության հանեն՝ տանեն, պետք է տեղյակ պահեն, որ ջուրը կտրում են։ Մենք այդքան ջուր չենք սպառել, երկու ամսում 400 հազար դրամ են գրել, սա այն դեպքում, որ Արմավիրում լիտրը 10 դրամով ջուրը գնում ենք։ ճիշտ է, այս ջրի որակը շատ կասկածելի է, եւ տեսնեք՝ մեր խմելու ջրից ինչ զիբիլներ են գալիս, բայց միեւնույն Է՝ մարդիկ օգտագործում են։ Եկել Նոր տարվա շեմին ջուրը կտրել են»։

Լիլի Մկրտչյանը դժգոհեց, որ ամռան ամիսներին ջրազրկվում են, քանի որ «ջրմուղը ջուրը բոստանչիներին է վաճառում»։

«Ամռանը՝ հուլիս, օգոստոս ամիսներին, ընդհանրապես ջուր չենք ունեցել շաբաթ֊կիրակի, ջրմուղի աշխատակիցները հիմնարկում իրենց խալիներն են լվանում, այդ ինչի՞ հաշվին, ո՞ւմ միջոցներով։ Գիշերվա ժամը երկուսին ենք լվացք անում, պոմպ ենք դրել, որ ջուր ունենանք։ Բա ինչպես եղավ, որ 400 հազար դրամի ջուր սպառեցինք, ջրմուղից ասում են՝ Ձեր պարտքը 400 հազար դրամից ավելի է, հասել է 500 հազարի։ Մեր գործերն էլ ուղարկել են դատարան։ Ինչի՞, մամաս սաունա ունե՞ր, որ այդքան ջուր Է սպառել։ Ես մինչեւ նախագահ պիտի բողոքեմ։ Այս հարցն այսպես չեմ թողնելու»։

Լիլի Մկրտչյանը նաեւ պնդում է, որ իրենք ջրամատակարարման պայմանագիր չունեն «Նոր Ակունքի» հետ, հետեւաբար ինչ վարձ էլ որ գրել է ջրամատակաարար ընկերությունը՝ ապօրինի է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս